Նժդեհը, Սամվել Բաբայանն ու նրանց կողմնակիցները. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ «նժդեհագիտությունը» դառնում է ՍՄԿԿ պատմության նման մի բան` վերջ, մարդկանց ուղեղում ինչ-որ բան արգելակվում է: Բայց այս դեպքում տեղի ունեցավ նաեւ հակառակ պրոցեսը. երբ ռուսաստանյան պաշտոնական քարոզչությունը սկսեց առանց որեւէ հիմքի Նժդեհին կպցնել «ֆաշիստ», «նացիստ», «կոլաբորացիոնիստ», «էսէսական» պիտակները, նույնքան բնական ցանկություն է առաջանում նրան պաշտպանելու:
Հիմա մեկ այլ հերոսի` ոչ Նժդեհի մասշտաբի, բայց դարձյալ հայրենիքին ռազմական մեծ ծառայություններ մատուցած զինվորական Սամվել Բաբայանի մասին: Կարո՞ղ է նա այս պահին օգտակար լինել Արցախի անվտանգության առումով: Իհարկե, կարող է, բայց ինչպե՞ս: Բնականաբար, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմում` դժվար է, չէ՞, ենթադրել, որ 21-րդ դարում հնարավոր է պատերազմին մասնակցել ինքնուրույն գործող պարտիզանական ջոկատով: Բայց գեներալի կողմնակիցները եւ մասամբ ինքը` Սամվել Բաբայանը, իր քաղաքական անփորձության պատճառով նրա հայրենիք գալը մատուցեցին որպես քաղաքական իրադարձություն:
Քաղաքականից էլ «վերան»` հեսա եկավ մի մարդ, որը կփրկի հայ ազգը, իշխանափոխություն կանի Հայաստանում եւ Արցախում, հենց որ նա հայտնվի Ստեփանակերտում, բոլոր թուրքերը կփախնեն եւ այլն: Եվ այստեղ սկսեց «արգելակումը», որովհետեւ Սամվել Բաբայանը հաստատ Սպինոզան չի, քաղաքական գործիչ չի, գումարած դրան` արցախցիները հիշում են թե նրա հերոսությունները եւ թե «հետհերոսական» շրջանը, որը նույնքան փառավոր չէր:
Ավելորդ վերամբարձ բառերը, չափազանցված սպասելիքները, քաղաքական հավակնություններն ու շահարկումները, ինչպես նաեւ կողմերի բարի կամքի պակասը խափանեցին (հուսով եմ՝ առայժմ) հնարավոր համագործակցությունը, որը Հայաստանին եւ Արցախին կարող էր օգուտ բերել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: