
Ըստ մաքսային տվյալների՝ Հայաստանից Ադրբեջան 100 դոլարի զինամթերք է արտահանվել

Սա կատակ չէ։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային ծառայության տվյալներով, 2015 թվականին Հայաստանից Ադրբեջան արտահանվել է 100 դոլար մաքսային արժեքով ապրանք։
Նշված է, որ Հայաստանից արտահանվել է 9306 կոդի տակ ձևակերպված ապրանք՝ 400 հատ քանակով։ Իսկ 9306 կոդը հետևյալ ապրանքախումբն է՝ «Ռումբ, հրթիռ եւ նման միջոց մարտական գործողության, դրանց մասեր; փամփուշտ, այլ զինամթերք»։ Հաշվի առնելով մաքսային արժեքը, կարելի է ենթադրել, որ խոսքը փամփուշտի մասին է (ռումբ ու հրթիռ այդ արժեքով հաստատ չի լինի)։ Ընդ որում, 9306 կոդի տակ արտահանում այլ երկիր չի եղել։
Իհարկե, նման բան չի կարող լինել, ու համոզված ենք, որ սա ինչ-որ տեխնիկական ձևակերպումների հետ կապված խնդիր է։ Այնպես որ, Պետական եկամուտների կոմիտեն ճիշտ կանի պարզաբանում ներկայացնի, քանի որ հարցը արդեն սկսել է քննարկվել սոցցանցերում։
Նշենք, որ նույն մաքսային ծառայության տվյալներով՝ 2014 թվականին Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել 3.2քմ մակերեսով գորգ՝ 600 դոլար մաքսային արժեքով։