«Ռուսաստանն իր դավաճաններին չի ներում, ինչպիսի գաղափարախոսություն էլ որ լինի». Տարասով

«168 Ժամի» զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան, «Ռեգնում», «Ռեքս» գործակալությունների սյունակագիր Ստանիսլավ Տարասովը

– Պարոն Տարասով, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը նման կոշտ կերպով ընդունվեց Մոսկվայի կողմից, հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանում արդեն իսկ կան Գարեգին Նժդեհի անունով հրապարակ, փողոց, մետրոյի կայարան, կիսանդրի։ Ինչո՞ւ է Մոսկվան ընդհանրապես քննարկում Երևանում արձանի տեղադրման հարցը, միջամտում հայ հերոսների պատմական ընկալման հարցերին։

– Ռուսաստանում և Սովետական Միությունում կա ընկալում, համաձայն որի` Գարեգին Նժդեհը ծառայել է Ֆաշիստական Գերմանիային Երկրորդ Համաշխարհային պատերազմի, Մեծ Հայրենական պատերազմի տարիներին։ Դա փաստ է։ Հաշվի առնելով այն, որ Մոսկվան ներկայումս սկսել է պայքարել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքների դեմ, այս ամենի գաղափարական տեսանկյունից՝ դիտարկում է այն նույն երևույթների կրկնությունը, որը մենք նկատում ենք Ուկրաինայում՝ պայմանավորված բանդերականության հետ։

Հարցը հուշարձանը չէ, հարցն այն է, որ այդ անվան շուրջ նման նշաձողը, ինչպես բանդերականները՝ Ուկրաինայում, այնպես էլ` Հայաստանում, մայդանական սցենարի ներուժ ունի։ Սա առաջին պատճառն է։

Իհարկե, մենք հասկանում ենք, որ Հայաստանն ունի պատմության սեփական ընկալումը, այն անպայմանորեն չպետք է նույնացվի սովետականի հետ։ Սակայն մենք հիշում ենք, որ Հայաստանը՝ լինելով սովետական հանրապետություն, ռուսների, ԽՍՀՄ մյուս ազգերի հետ պայքարել է Մեծ Հայրենական պատերազմի օրերին և կրել մեծ կորուստներ։

Եթե ռուսներն ինչ-որ կերպ պահպանվել են, ապա հայերի համար այդ կորուստները, 1915թ. Ցեղասպանությունից հետո, լուրջ հարված են եղել գենոֆոնդին։ Մենք հասկանում ենք, որ Նժդեհի արձանը մեկ օրում չեն պատրաստել, այն քանդակել են երկար ժամանակ, բայց երբ արձանի կողքին կանգնած է հայկական ծագմամբ ռուս մարշալի արձան, ապա այստեղ առաջանում են լուրջ հարցեր՝ չի՞ հանդիսանում այս ամենը որոշակի գաղափարախոսության վերակենդանացում, որը ներկայումս առկա է Արևմուտքում։

Այս տեսանկյունից Մոսկվան իր կարծիքն է հայտնում՝ հաշվի առնելով այն, որ եթե Ուկրաինան ՀԱՊԿ անդամ չէ, ԵՏՄ անդամ չէ, զարգացման բոլորովին այլ ուղղություն է ընտրել, Հայաստանն այդ կառույցների անդամ է, ուստի այն քաղաքական գործիչների կերպարների վերակենդանացումը, որոնք համագործակցել են Ֆաշիստական Գերմանիայի հետ, նշաձող է, հնարավորություն՝ Եվրոպայի հետ ինտեգրացիայի համար։ Այս դեպքում մեզ մոտ հարցեր են առաջանում՝ ի՞նչ է կանգնած այս ամենի հետևում։

– Պարոն Տարասով, Նժդեհը հակամարդկային պայմանավորվածությունների, գործարքների չի մասնակցել այդ համագործակցության շրջանում, այնուամենայնիվ, ռուսական կողմը Նժդեհի կերպարը չափազանց պարզունակ է նկարագրում, եթե հղում է կատարում պատմության էջերին և փաստերին, ապա Նժդեհը լուրջ կենսագրություն ունի, պայքարել է հայ ժողովրդի ինքնիշխանության համար։ Սրա՞ն է հակադրվում Մոսկվան։

– Մենք հոգու խորքում հասկանում ենք, որ Նժդեհը ոչ այնքան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որքան՝ 18-ական, 20-ական թվականներին կռվել է անկախ Հայաստանի համար։ Սա շատ բարդ, շատ բանավեճային հարց է, որքանո՞վ էր տեղին՝ այդ արձանը ներկայումս տեղադրել։ Այստեղից էլ նման իրավիճակ է ստեղծվում, հատկապես, երբ այդ հուշարձանի տեղադրումն ըստ էության համընկավ քառօրյա պատերազմի հետ, առավել ևս, երբ համընկավ Անդրկովկասում ռուսական քաղաքականության չընկալման հետ։ Հայաստանում կարծիք կա, որ Ռուսաստանը Հայաստանին դավաճանել է, բայց դա այդպես չէ, քանի որ ՌԴ-ն տակտիկական ընկալումներից ելնելով՝ պետք է որոշակի հեռավորություն պահպաներ։

Բայց կա ռուսական քաղաքականության չհասկացվածություն՝ հատկապես, երբ Մոսկվան որոշակի սայթաքումներ թույլ տվեց, մեկնաբանության սխալներ թույլ տվեց՝ անդրադառնալով Ադրբեջանին զենքի վաճառքին։ Սա որոշակի բացասական ֆոն է ստեղծում, և մենք կարծում ենք, որ այս իրավիճակը պետք է կարգավորվի։ Հուշարձանի նկատմամբ Մոսկվան կարող է անտարբեր լինել, մյուս կողմից, այն նյարդայնացնում է Ռուսաստանում շատերին։

– Պարոն Տարասով, Մոսկվան չգիտի՞, որ այդ հերոսի հետ ֆաշիստական քայլեր չեն կապվում։

– Ես կասեմ հետևյալը։ Մոսկվան հաստատված տվյալներ ունի այն մասին, որ Նժդեհը և ոչ միայն նա, ադրբեջանական մի շարք գործիչներ, համագործակցել են Ֆաշիստական Գերմանիայի հետ, նրանք ձևավորել են ազգային գումարտակներ, որոնք, ըստ էության, պայքարել են Ֆաշիստական Գերմանիայի կողմից։

– Նման ռուս զինվորականներ ևս եղել են։

– Մոսկվան իր դավաճաններին չի մոռանում։ Մոսկվան այսպես է կարծում, որ մենք միասին ենք կռվել, միասին ենք պայքարել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որ ոչ միայն ռուսները, այլև հայերն են մահացել։ Նժդեհն այլ կողմում էր, նա պոտենցիալ կերպով կարող էր սպանել այն մարդկանց, ովքեր սովետական կողմում էին։

– Նման տվյալներ չկան, այնուամենայնիվ։

– Ռուսաստանն իր դավաճաններին չի ներում, ինչպիսի գաղափարախոսություն էլ որ լինի։ Մենք ունեինք Վլասով, ով մի շարք կարգախոսների հեղինակ էր։ Ներկայումս շատերը վերանայել են իրենց դիրքորոշումները, որովհետև կա ազգային դավաճանության հարց։

– Հայաստանում այս անդրադարձը, բնականաբար, միանշանակ չեն ընդունում, համարում են, որ սա ճնշում է ՀՀԿ-ի նկատմամբ, քանի որ դա իշխող կուսակցության գաղափարախոսությունն է, բացի այդ, սա դիտարկվում է՝ որպես ճնշում նախագահական եռակողմ հանդիպումից առաջ։

– Ոչ, ոչ։ Ոչ մի ճնշում էլ չկա։ Ես ասացի պատճառը։ Բոլորը խաղում են ղարաբաղյան հակամարտության շուրջ՝ և արտաքին, և ներքին ուժերը՝ և Ադրբեջանը, և Հայաստանը։ Եթե ԵԱՀԿ-ն ցանկանար Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, դա վաղուց արած կլիներ, այսինքն՝ կա այլ պրոյեկտ և այլ սցենար, հասկանո՞ւմ եք։ Եթե Ռուսաստանը ցանկանար խաղեր խաղալ Ադրբեջանի հետ, ինչպես Հայաստանում գրում են, նա վաղուց դա արած կլիներ։

Նայեք մեր հրապարակային անդրադարձներն այն մասին, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբին, որի աշխատանքից կողմերն այդքան էլ գոհ չեն, քանի որ դրա շրջանակներում սեղանին են դրված Մադրիդյան սկզբունքները, որոնք դիտարկում են որոշակի շրջանների վերադարձ։ Հայաստանում դրանք ազատել չեն ցանկանում տարբեր պատճառներով` Ղարաբաղի անվտանգության գոտին պահպանելու համար, քանի որ առանց հավելյալ երաշխիքների՝ չեն ցանկանում դրանք հանձնել, մյուս կողմից՝ հնարավոր է, որ Ադրբեջանն ընդհանրապես քարտեզից վերանա, և այդ տարածքները մտնեն նոր Հայաստանի կազմի մեջ։ Այս բոլոր նախադրյալները պետք է հաշվի առնել։ Բայց եկեք լայն դիտարկենք հարցը՝ Ռուսաստանն ամբողջովին տանդեմով է աշխատում։

– Պարոն Տարասով, Սանկտ Պետերբուրգում ռուսական կողմը նախագահական հանդիպում է ծրագրում։ Հաշվի առնելով Իգոր Պոպովի հարցազրույցն այն մասին, որ շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորություն կա, ի՞նչ ծրագիր է ունենալու նոր հանդիպումը։

– Չկա ինքնուրույն ռուսական պրոյեկտ, կա տանդեմ։ Ղարաբաղի բնակչությունը պետք է ապրի իր բնականոն կյանքով, ազատ, այստեղից էլ մենք փորձում ենք որոշումներ կայացնել, նոր լուծումներ գտնել, որպեսզի հասնենք պատմական բեկման։ Շատ դժվար է դրան հասնել, պատրաստի պատասխաններ ոչ ոք չունի, բայց աշխատանքն այդ ուղղությամբ է տարվում։ Ռուսաստանը դիրքավորում է իրեն` որպես Հայաստանի գործընկեր, Հայաստանին երբեք չի դավաճանել։

Ուշադրություն դարձրեք, երբ սկսվեց քառօրյա պատերազմը, մի քանի ժամվա ընթացքում բոլոր բարձր ատյաններն աշխատեցին՝ ՌԴ ԱԳՆ-ն, ՌԴ ՊՆ-ն, ինքը՝ նախագահը։ Եթե Մոսկվան դա դիտարկեր՝ որպես տեղական հակամարտություն, ինչպես հաճախ է պատահում Ղարաբաղում, Մոսկվան այդպես չէր արձագանքի, Մոսկվան հասկանում է հետևանքները այդ բախումների` տարածաշրջանային կայունության տեսանկյունից։ Որևէ երկիր չի արձագանքել այնպես, ինչպես Ռուսաստանը։ Ռուսաստանը գործել է, ներկայումս Պետերբուրգում է հանդիպում նախապատրաստում՝ սկսելով պատրաստել ինչ-որ փաստաթղթեր, ինչ կստացվի դրանից, դեռ կտեսնենք։ Նոր ռուսական ծրագրեր չկան։

Տեսանյութեր

Լրահոս