
«Ի՞նչ է, կարո՞ղ է կոռուպցիան կամ մենաշնորհները անորսալի Ջոն են, չեք կարողանում գտնել». Նաիրա Զոհրաբյան

«Կածում եմ՝ կառավարությունը շրջահայացություն կունենա այս նախագիծն այս տեսքով չընդունելու, որովհետև այս կերպ ընդունելուց հետո մենք մի գրանիտե տապանաքար պետք է դնենք Հայաստանի տնտեսության վրա և գրենք՝ «վախճանվեց անփառունակ մահով»»,-այսօր Ազգային ժողովում 2016 թվականի Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա չի հասկանում, թե ինչու այս ոլորտի շահառուների հետ քննարկումներ չեն անցկացվել, եթե այս նախագիծն արդեն ապրիլից եղել է խորհրդարանում: Նրա խոսքով՝ ՓՄՁ-ների ներկայացուցիչները, տնտեսությամբ զբաղվողներն ահազանգում են, որ այս նախագիծը ոչնչացնելու է Հայաստանի տնտեսությունը. «Բոլորիս համար էլ պարզ է՝ ինչու է բերվել այս նախագիծը, ընդամենը հարկերը քամելու համար, հարկային մուտքերը ավելացելու»:
Ն. Զոհրաբյանը հայտարարեց, որ կառավարությունը պետք է պայքարի մենաշնորհների և կոռուպցիայի դեմ. «Կոռուպցիայի դեմ սրբազան պայքար էիք հայտարարել: Էդ ի՞նչ է, կարո՞ղ է կոռուպցիան կամ մենաշնորհները անորսալի Ջոն են, չեք կարողանում Հայաստանի մոնոպոլիստներին գտնել. մոնոպոլիստների տեղն էլ գիտեք, մենաշնորներներն էլ գիտեք, պայքարեք կոռուպցիայի դեմ, մենաշնորհների դեմ»: