«Եթե զգամ, որ ռեժիսորը տգետ մարդ է, ով չի էլ հասկանում, թե ինչ է անում, և անհիմն պահանջում է՝ կադրում բացեմ կուրծքս՝ ես դա չեմ անի»
Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանի մարմնավորած «Եվայի ցեղ»-ի տեսակին հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ճանաչելու և գնահատելու դեռևս մայիսի սկզբին բեմ բարձրացած «Պլյուս-մինուս» շոու-ներկայացման ընթացքում։ Առհասարակ սեքսուալությունն ու համարձակությունն ասես այս դերասանուհու խաղաքարտն է դարձել. լավ իմաստով, իհարկե։ Էվան մի քանի տարի աշխատում է Կամերային թատրոնում և բավական հաջող քայլերով առաջ է գնում։ Նա այն դերասանուհիներից է, ով ներգրավված է մի շարք ներկայացումներում։
Հեռուստադիտողն Էվային տեսել է մի շարք սերիալներում և գեղարվեստական ֆիլմերում, վերջերս էլ ներկայանում էր «Ֆուլ Հաուս» սիտքոմում, որտեղ մարմնավորում էր հումորային կերպար։
– Էվա, ինչո՞ւ դուրս եկաք «Ֆուլ հաուս» սիտքոմից։
– Ի սկզբանե այդ նախագծի հետ պայմանագիրս կնքել էի մեկ եթերաշրջանի համար միայն։ Դուք ևս նկատած կլինեք, որ մեր բոլոր սիտքոմները նույն տարբերակով են աշխատում՝ ամեն սեզոնի համար նախագիծ են ընդգրկվում նոր հերոսներ։ Քանի որ սիտքոմներում հերոսները սահմանափակ տարածության մեջ են, և շատ մեծ զարգացում լինել ուղղակի չի կարող, այդ իսկ պատճառով փոխվում են կերպարները, իրավիճակները, սցենարական գիծը։ Կարծում եմ՝ իմ՝ Նորայի կերպարը նախագծում բավականին հետաքրքիր էր ստացվել։ Համենայն դեպս, մինչ օրս շատ լավ կարծիքներ եմ լսել։
– «Հյուսիս-հարավ» ֆիլմից hետո բավականին նկատելի առաջընթաց գրանցեցիք դերասանական կարիերայում։ Ինչո՞վ եք դա բացատրում։
– «Հյուսիս-հարավի» ժամանակ, որքան հիշում եմ, արդեն իսկ ընթանում էին «Ֆուլ հաուսի» նկարահանումներըգ Այսինքն՝ սխալ կլինի ասել, որ մի նախագիծն ինձ օգնել է՝ տեղ գտնելու մեկ այլ նախագծում։
– Ինչպե՞ս ընդգրկվեցիք «Պլյուս-մինուս» շոու-ներկայացման մեջ։ Եվ ինչո՞ւ՝ Դուք, այլ ոչ՝ մեկ այլ դերասանուհի։ Գաղտնիք չէ, որ դերասանուհիների պակաս չունենք։
– Առաջարկը ստացա նախագծի պրոդյուսեր Արման Միտոյանի կողմից և համաձայնեցի։
– Բացի նրանից, որ Դուք միակ դերասանուհին եք, ով համաձայնել է խաղալ անվճար, և միակն եք, ով համաձայնել է ուշ ժամերի գալ ներկայացման փորձերին՝ ինչպես կատակում էին Ձեր գործընկերները՝ «Պլյուս-մինուսից», կա՞ «հիմնավոր» մեկ այլ պատճառ, թե ինչո՞ւ Դուք ընդգրկվեցիք այս ներկայացման մեջ։
– Բացի թվարկած կատակ-պատճառներից, իրական պատճառն այն է, որ պրոդյուսեր Արման Միտոյանի հետ մենք երկար տարիներ համագործակցել ենք տարբեր նախագծերի շրջանակներում։ Կարծում եմ, որ, եթե դերասանն օժտված է որոշակի տաղանդով, ապա դեր ստանալու միակ գրավականը պարտաճանաչ, աշխատասեր և տաղանդավոր լինելն է։ Մեծամիտ թող չհնչի, սակայն կարծում եմ՝ իմ դեպքում դա է եղել պատճառը, որ ես եմ ներգրավված այս ներկայացման մեջ, այլ ոչ՝ մեկ ուրիշ դերասանուհի։ Ես շատ ավելի ուրիշ կարծիք ունեմ իմ մասնագիտության մասին և չեմ համեմատի յուրաքանչյուրին ինձ հետ։
– Դուք նկատի ունեք այն, թե դերասաններից ով՝ ինչպես է վերաբերվում իր աշխատանքի՞ն։
– Այո, նկատի ունեմ նաև այն հանգամանքը, թե ով ինչի համար է գտնվում էկրանին։ Դա է պատճառը, որ ես այսօր ոչ մի տեղ չեմ նկարահանվում։ Կարևոր չէ ամենուր երևալը։
– Դուք կարո՞ղ եք դա Ձեզ թույլ տալ։ Գաղտնիք չէ, որ շատ դերասաններ համաձայնում են մասնակցել տարաբնույթ նախագծերի՝ շատ անգամ ելնելով զուտ ֆինանսական խնդիրներից։
– Այնպես չէ, որ ես հիմա ֆինանսապես շատ լավ վիճակում եմ։ Բայց միևնույն է, մտածում եմ, որ ավելի լավ է՝ չաշխատեմ այդ 150.000 դրամը, որն իրենք են առաջարկում, և չնկարահանվեմ անորակ նախագծերում, քան անեմ մի բան, որից հետո փոշմանելու եմ։ Ավելի լավ է այս պահին ես մի փոքր կաղամ ֆինանսապես, բայց լինեմ ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում։
– Ամուսնական մատանի եք կրում. նորություններ կա՞ն։
– «Ամուսնական» մատանու առկայությունն իմ մատին շատերին է շփոթմունքի մեջ գցել, սակայն այն միայն բեմադրության համար է նախատեսված։ Մատանին ևս «դեր» ունի այս ներկայացման մեջ։
– Իսկ ե՞րբ եք այդ էժանագին մետաղը վերածելու իրական ամուսնական, ոսկյա մատանու։
– Դրա պատասխանը, անկեղծ ասած, չունեմ։ Չեմ կարծում, թե դա անհավանական և չստացվող բան է, բայց թե երբ կլինի՝ չգիտեմ։ Իմ տեսակ աղջկա կողքին մի փոքր դժվարությամբ կհայտնվի մի տղամարդ, ով կընդունի իմ բնույթը, իմ անթաքույց մոլուցքը մասնագիտությանս հանդեպ։ Շատ անգամներ ես իմ անձնականը ետին պլանում եմ դրել՝ առաջնահերթ դարձնելով մասնագիտությունս։
– Այժմ Ձեր սիրտը զբաղվա՞ծ է։
– Չէի ասի, թե զբաղված է։ Բնականաբար, իմ հանդեպ կա ուշադրություն։
– Դուք միանգամից աչքի ընկաք Ձեր սեքսուալությամբ։ Մեր դերասանուհիները, միգուցե հանրային քննարկումներից խուսափելով, մեծամասամբ նախընտրում են «նամուսով» դերասանուհու համբավը։
– Միգուցե ես արտահայտված դիմագծերով եմ հանդես գալիս էկրանից, և որոշ մարդկանց թվում է, որ ես սեքսուալ եմ։ Հատուկ նման կերպար ստանալու նպատակ երբևէ չեմ ունեցել։ Ուղղակի իմ խաղացած կանայք միշտ եղել են շատ սուր խարակտերով։ Այդ ամենը խառնվում է նաև իմ խառնվածքի հետ, և դրա մեջ մտնում է որոշակի սեքսուալություն։
– Կհամաձայնե՞ք նկարահանվել բաց տեսարաններում։
– Ես բարդույթներ չունեմ։ Եթե ես իրոք հասկանամ, որ դա պետք է ֆիլմին, բեմադրությանը, ես դա կանեմ։ Բայց եթե զգամ, որ ռեժիսորը տգետ մարդ է, ով չի էլ հասկանում, թե ինչ է անում, և ուղղակի, անհիմն պահանջում է, որ ես կադրում բացեմ կուրծքս, ապա ես դա չեմ անի։ Ես պետք է հասկանամ կատարած յուրաքանչյուր քայլիս նպատակը։