Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի մեծությունը մտահոգում է Համաշխարհային բանկին
ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված հիմնական մտահոգությունը Համաշխարհային բանկի համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից մեծ կախվածությունն է: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի՝ «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» զեկույցում։
ՀԲ մասնագետներն ընդգծում են, որ ԶՊՄԿ-ն աշխատել է այս ընթացքում շահույթով, և նրա շրջանառության բաժինը 2010-2014 թթ. կազմել է բոլոր ակտիվ հանքարդյունահանող ընկերությունների շրջանառության շուրջ 60 տոկոսը: Իսկ ընկերությունների վճարած հարկերի տեսանկյունից ԶՊՄԿ-ի բաժինը միևնույն ժամանակահատվածում եղել է նույնիսկ ավելի բարձր (66%):
«Ընդհանրապես ընկերության հարկային վճարումների կենտրոնացումը պայմանավորված է հետևյալ երկու գործոնով՝ ընկերության մեծությունը և շահութաբերությունը:
Չնայած պարզ է, որ այս բարձր հարկային բաժնի հիմնական մասը բխում է հանքի մեծությունից, կարևոր է նաև հասկանալ՝ արդյոք ԶՊՄԿ-ի շահույթ ստանալու մոդելը նո՞ւյնպես տարբերվում է մյուս ընկերություններից: Սա առանձնապես կարևոր է, քանի որ գործող ռոյալթիի դրույքաչափի բանաձևն ուղղակիորեն ներա ռում է շահութաբերությունը»,- նշվում է զեկույցում: