
«Երկու օր ժամանակ. Աշխատեք, ներկայացրեք, նոր ստորագրեմ». Հովիկ Աբրահամյան

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Կառավարական թիվ երկու շենքում տեղակայված թվով 5 նախարարությունների էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների դիմաց հետագա վճարումներ իրականացնելու նպատակով «ՀԷՑ» և «Երևան-Ջուր» ընկերություններում որպես բաժանորդ հանդես կգա Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:
Նախագիծը կառավարությունում ներկայացնող ՊԳԿՎ պետ Արման Սահակյանն ասաց, որ էներգետիկ և կումունալ վճարումներն իրականացնելու համար նախարարություններին բյուջով տրամադրված են համապատասխան միջոցներ: «Ըստ նախագիծի՝ 2016թ. մայիսի 1-ի դրությամբ՝ նախարարությունների կողմից չօգտագործված միջոցները ուղղվում են ՀՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, որը կազմում է 60 մլն 551 հազար 600 դրամ: Պահուստային ֆոնդ վերադարձված 60 մլն 551 հազար 600 դրամ գումարը նախագծով նախատեսվում է տրամադրել վարչությանը, որից 59 մլն 674 հազար դրամն էլեկտրաէներգիայի, իսկ 877 ու կես հազար դրամը՝ ջրի ծախսի դիմաց վճարումներ կատարելու նպատակով»,- ասաց Արման Սահակյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հետաքրքրվեց՝ նախարարությունները երկու ամսվա համար այդքան գումար են ծախսել: Նա առաջարկեց մանրակրկիտ քննարկել և ֆիքսել մեկ տարվա ընթացքում ծախսերի քանակը: «Երկու օր ժամանակ: Աշխատեք, ներկայացրեք, նոր ստորագրեմ»,- ասաց նա: