Բաժիններ՝

58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 58-ամյա Ե.Խաչատրյանի սպանության բոլոր հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Քննության ընթացքում պարզվել է սպանության շարժառիթը, 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Ե.Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե.Խաչատրյանը տեղում մահացել է։

Քննությամբ պարզվել է նաև, որ խճուղով ընթացող մեկ այլ վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։ Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաև նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետ և վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Խ.Կոսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նույն օրը որոշում է կայացվել ևս երկու անձի՝ Ա.Չիչոյանին և Ա.Նիկողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական գործողություններ՝ միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս