«Ինչե՞ր եք ասում… ես կարամ գամ, կարամ չգամ, հարց եմ տվել, պատասխանեք, լավ եմ արել, չեմ եկել, այ քեզ բան». Հրանտ Բագրատյանը՝ Կորյուն Նահապետյանին
Այսօր Ազգային ժողովի նիստում ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին հարց ուղղեց՝ պատվիրատուի և կապալառուի համատեղելիության վերաբերյալ:
«Սերժ Սարգսյանը ՊՆ Ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նոր նախագահ է նշանակել: Կարևոր չէ` ով է։ Կարևորն այն է որ ՊՆ Ռազմաարդյունաբերության պետական կոմիտե ընդհանրապես չպետք է լինի։ ՊՆ-ն զենքի պատվիրատու է։ Կապալառու չէ: Բայց ՌԱՀ օրենքն այնպես են լղոզել, որ ՊՆ Ռազմաարդյունաբերության պետական կոմիտե կա։ Աբսուրդի թատրոնից է։ Նոր ռազմական անհաջողությունները երաշխավորված են»,- օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր Հ. Բագրատյանը: Այսօր նա հարց բարձրացրեց՝ արդյոք պատվիրատուն կարո՞ղ է լինել կապալառու:
Կ. Նահապետյանը նախ՝ անդրադարձավ ԱԺ կանոնակարգին՝ նշելով, թե պետք է թույլ չտալ, որ լրացուցիչ հարց տալու արտոնություն ունենան պատգամավորները. «Եթե մենք ունենք ԱԺ կանոնակարգ, պետք է բացառենք ու վերացնենք այն մոտեցումները, որ պատգամավորներն արտոնություններ ունենան»:
Անդրադառնալով Հ. Բագրատյանի հարցին՝ Կ. Նահապետյանը հայտարարեց, որ, երբ ռազմաարդյունաբերության մասին օրենքը քննարկվում էր Ազգային ժողովում, Հ. Բագրատյանն այս օրենքի նախագծի քննարկմանը չի մասնակցել՝ ո՛չ առաջին քննարկմանը, ո՛չ երկրորդ քննարկմանը, ո՛չ երրորդ քննարկմանը:
«Ես չեմ հիշում, որ այս օրենքի նախագծի քննարկման ժամանակ որևէ հիմնավոր պարզաբանում բերած լինեք: Եթե այս օրենքի հետ կապված առաջարկություն ունեք, կարող եք համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալ, բայց ուղղակի օգտվել այս դահլիճի հնարավորությունից ու հայտարարություններ անել, սա առաջին դեպքը չէ, և ես ուղղակի ուզում եմ փաստել դա: Մենք այս օրենքը տարբեր ձևով քննարկել ենք, դուք եկաք վերջին պահին, վարման կարգով ձայն խնդրեցիք ու հայտարարեցիք, որ ձեր ժամանակ ռազմաարդյունաբերության համակարգն ավելի լավն էր, որ այս նոր օրենքը որևէ լուծում չի տալիս: Առաջին անգամ Ռազմաարդյունաբերության համալիրի մասին օրենք է ընդունվել, մենք օրենքը գործողության մեջ ենք դրել, աշխատանքները գնում են առաջ»,- հայտարարեց Կ. Նահապետյանը:
Ի պատասխան՝ Հ. Բագրատյանն ասաց. «Պարոն Նահապետյան, այս ինչե՞ր եք ասում, ես կարամ գամ, կարամ չգամ, հարց եմ տվել, պատասխանեք, լավ եմ արել, չեմ եկել, այ քեզ բան, կարող ա չեմ հասցնում, հիմա ձեր կարծիքն եմ հարցնում, այն ժամանակ օրենք չկար, հիմա օրենք եք արել, լավ եք արել»:
Կ. Նահապետյանը նախ՝ պատասխանեց, որ հնարավոր է՝ պատվիրատուն լինի կապալառու, ու նշեց, որ այդ հարցի պատասխանը կա օրենքում: «Իհարկե, Դուք շատ կառույցներ եք ղեկավարել՝ տարիներ շարունակ: Մեր շատ ու շատ գործընկերներ, որ նախկինում բարձր պաշտոններ են զբաղեցրել, իրենց հայտարարությունների մեջ առավելապես փորձում են հիշատակել այս հանգամանքը, խորհուրդ կտամ այդ տոնով չխոսալ, որովհետև դա չի բարձրացնում ձեր փաստարկների ուժը»: