
«Ես չեմ խեղճանում Ձեր հարցերից». Արթուր Ջավադյանը՝ Արամ Մանուկյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ երեք ցուցանիշ ներկայացրեց՝ խնդրելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ պարզաբանել, թե ինչո՞վ են պայմանավորված այդ ցուցանիշները:
«Անցյալ տարի առաջին եռամսյակում ներդրումները կազմել են 60 միլիարդ դրամ, այս տարվա առաջին եռամսյակում ներդրումները կազմել են 1.7 միլիարդ՝ 35 անգամ պակաս, այսինքն՝ ներդրումներն աննախադեպ նվազում են: Աշխատողների վարձատրության մասին հոդված կա, ըստ որի՝ 2013 թվականին աշխատողների վարձատրության չափը կազմել է 1 միլիոն 51 դոլար, 2014-ին կազմել է՝ 975, իսկ 2015-ին՝ 661: Այսինքն ՝ երկու տարվա ընթացքում աշխատավարձի չափը երկու անգամ նվազել է: Հաշվետու տարում ապօրինի արտահանումները Հայաստանից կազմել են 1. 8 միլիարդ դոլար, իսկ 7 տարի առաջ դա 800 միլիոն դոլար էր»,- ասաց Ա. Մանուկյանը՝ խնդրելով պարզաբանել իր հիշատակած թվերը:
Ա. Ջավադյանը նախ՝ նշեց, որ կարծում է՝ այս թվերը տարբեր աղբյուրներից են վերցված: «Այս վերջինը մի կասկածելի կազմակերպության կողմից հրապարակված թվեր էին: Այս թվերն ընդհանրապես իրականության հետ որևէ կապ չունեցող ուսումնասիրություններից են»: Նա նշեց, որ հիմա իր ձեռքի տակ կոնկրետ թվեր չկան, որպեսզի կարողանա անդրադառնալ նաև Ա. Մանուկյանի ներկայացրած առաջին երկու ցուցանիշներին: Նա հորդորեց Ա. Մանուկյանին՝ դրանք գրավոր ներկայացնել՝ խոստանալով գրավոր պատասխանել դրանց:
Ա. Մանուկյանն էլ ասաց, որ ինքը հիմնականում պաշտոնական թվեր է ներկայացրել՝ ասելով. «Ձեր թվերով եմ ձեզ խեղճացնում»: Նրա խոսքով՝ ներդրումների մասով իր ներկայացրած ցուցանիշը տպել է Ֆինանսաբյուջետային հանձնաժողովը, իսկ երկրորդը՝ աշխատավարձերի մասով, ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Նա ցանկացավ նաև ներկայացնել երրորդ թվի աղբյուրը, սակայն նրան հատկացված խոսելու ժամանակն ավարտվեց:
Ի պատասխան՝ Ա. Ջավադյանն ասաց. «Նախ՝ ես չեմ խեղճանում ձեր հարցերից ու երբևիցե չեմ խեղճանում: Ինչ վերաբերում է այդ երրորդ աղբյուրին, այն կասկածելի է, ես կապացուցեմ դա, իսկ առաջին երկուսի մասով կուսումնասիրեմ, կասեմ»: