Առևտրի կենտրոնացումը շարունակվում է

Մինչ կառավարությունը պայքարում է մենաշնորհների ու օլիգոպոլիաների դեմ՝ զուգահեռ խոսելով փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցելու անհրաժեշտության մասին, մանրածախ առևտրի ոլորտում կենտրոնացումը շարունակվում է։ Ավելի պարզ ասած, առևտուրը մանր խանութներից ու կրպակներից տեղափոխվում է մեծ խանութներ և սուպերմարկետներ։ Այս մասին փաստում է պաշտոնական վիճակագրությունը։

Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականի հունվար-ապրիլին մանրածախ առևտրաշրջանառության ծավալը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ) կրճատվել է 4.6%-ով և կազմել 341.4 մլրդ դրամ։ Սակայն այդ նվազումը խիստ անհամաչափ է բաշխված առևտրի օբյեկտների միջև։
Օրինակ՝ կրպակների միջոցով իրականացվող առևտրաշրջանառության ծավալը նվազել է 4.1%-ով և կազմել 8.8 մլրդ դրամ։ Ավելի մեծ՝ 29%-անոց նվազում ունենք առևտրի այլ օբյեկտների շրջանառության գծով (ըստ ԱՎԾ պարզաբանման՝ սրանց մեջ մտնում են շարժիչային և կենցաղային վառելիքի մանրածախ վաճառքի կետերը)։ Սպառողական ապրանքների շուկաների առևտրաշրջանառությունը նվազել է 6.5%-ով և կազմել 22.9 մլրդ դրամ։

Գյուղատնտեսական ապրանքների շուկաների առևտրաշրջանառությունն աճել է 1.5%-ով, սակայն ծավալը դեռ շատ քիչ է՝ 5.5 մլրդ դրամ։ Իսկ խանութների միջոցով իրականացված առևտրաշրջանառության ծավալը տարվա առաջին 4 ամիսներին աճել է 1.7%-ով և հասել 258.5 մլրդ դրամի։

Թվում է՝ աճը մեծ չէ, սակայն վերջին տարիներին փոքր խանութների առևտրաշրջանության կայուն կրճատման և մեծ խանութների առևտրաշրջանառության կայուն աճի արդյունքում ունենք մի վիճակ, երբ խոշոր խանութներին բաժին է ընկնում մանրածախ առևտրաշրջանառության 75.7%-ը։
Ընդհանուր առևտրաշրջանառության 6.7%-ը բաժին է ընկնում սպառողական ապրանքների շուկաներին, 13.4%-ը` առևտրի այլ օբյեկտներին, 2.6%-ը՝ կրպակներին, 1.6%-ը՝ գյուղատնտեսական ապրանքների շուկաների միջոցով։

Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչպես է փոխվել վիճակը վերջին տարիներին, ճիշտ կլինի դիտարկել, թե ինչ համամասնություն էր մանրածախ առևտրաշրջանառության ոլորտում սրանից 10 տարի և 5 տարի առաջ։

arevtur-kentronacum

Ինչպես տեսնում եք, 2006 թվականի հունվար-ապրիլին խանութների տեսակարար կշիռը 49.4% էր, իսկ կրպակներինը՝ 4%։ Դրանից 5 տարի անց՝ 2011 թվականի հունվար-ապրիլին, խանութների առևտրաշրջանառության տեսակարար կշիռը հասավ 67%-ի, իսկ կրպակներինը նվազեց՝ մինչև 4%։ Այս տարվա թվերն արդեն ներկայացրեցինք։
Պաշտոնական վիճակագրությունը, ցավոք, չի մանրամասնում՝ խանութների թվում որքան է եղել սուպերմարկետների շրջանառությունը, և որքանով է այն փոխվել։ Սակայն հաշվի առնելով վերջին տարիներին մայրաքաղաքում և մարզերում խոշոր խանութների/սուպերմարկետների քանակի աճը՝ կարելի է եզրակացնել, որ առևտուրը մանր օբյեկտներից տեղափոխվել է հենց գերխոշոր օբյեկտներ։

Իհարկե, ցանկության դեպքում կարելի է սա հիմնավորել տնտեսական նպատակահարմարությամբ՝ ասելով, որ խոշոր խանութների շրջանառությունը մեծ է, և մասշտաբի էֆեկտով նրանք ավելի մրցունակ են։ Այսինքն՝ ոչ մի վատ բան չկա, որ մանր առևտրականները սնանկանում են։

Սակայն այս մոտեցումը, իհարկե, սխալ է։ Աշխարհի անգամ ամենակայացած շուկայական տնտեսություններում մանր խանութներին ու կրպակներին աջակցելու համար ընդունվել է հատուկ օրենսդրություն, որը սահմանափակում է սուպեմարկետների քանակը, հատուկ պայմաններ սահմանում դրանց տեղակայման համար կամ ընդհանրապես արգելում դրանց գործունեությունը բնակավայրերում։

Մեզ մոտ տեղի է ունենում հակառակը, և, որ ամենացավալին է՝ միտումը շարունակվում է։ Մանրածախ առևտրի մասին խոսելով՝ անդրադառնանք նաև ծառայությունների ոլորտին, քանի որ պաշտոնական վիճակագրությունն առևտուրն ու ծառայությունները ներկայացնում է մեկ միասնական բաժնով։ Արդեն նշել ենք, որ ծառայությունների ոլորտը 2016 թվականի հունվար-ապրիլին 9.3% աճ է գրանցել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարվա առաջին 4 ամիսներին մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 368.2 մլրդ դրամ։

Տպավորիչ աճն ապահովվել է «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաոլորտի հաշվին, որն աճել է շուրջ 50%-ով։ Իսկ ավելի կոնկրետ՝ զվարճությունների, հիմնականում՝ խաղատների գործունեության աշխուժացման հաշվին։ Արդյունքում, «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաոլորտի տեսակարար կշիռն ընդհանուր ծառայությունների մեջ աճել է և հասել 19.9%-ի՝ զիջելով միայն ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտին (20.9%):

Սրան նաև հավելենք, որ այս ոլորտում նույնպես կենտրոնացում է գնում, և օրենսդրության փոփոխությունից հետո (որով խաղատները քաղաքի արվարձաններից տեղափոխվեցին մարզեր) ձևավորվել է գրեթե մենաշնորհային վիճակ, որտեղ գերիշխող և միակ ժամանցի վայր է դարձել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբը», որը հանդես է գալիս «Շանգրի լա» անվանումով:

Տեսանյութեր

Լրահոս