Ինչու է դատարանն արդարացրել Գոռ Վարդանյանին
Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Գոռ Վարդանյանն օրերս արդարացվել էր: Դատարանը գտել էր, որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, պետք է վերացնել։
Իր վճռում դատարանը նշել է, որ քրեական գործի դատական քննության փուլում՝ մայիսի 27-ին կայացած դատական նիստի ժամանակ, գործով մեղադրողը հայտարարել է Գոռ Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքից հրաժարվելու մասին: Դատարանը մեջբերել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը, որի համաձայն՝ ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է: Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի՝ մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ։
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական համաձայնագրի նորմերը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածով՝ գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրվող ամբաստանյալ Գոռ Վարդանյանի նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ` մեղադրողի կողմից ամբաստանյալին առաջադրված մեղադրանքից հրաժարվելու պատճառաբանությամբ։