Բաժիններ՝

«Կեցցե՛ ֆուտբոլային ոգին» նախագիծը ֆուտբոլի շուրջ կհամախմբի բոլորին՝ անկախ սեռից, սոցիալական վիճակից և ծագումից

Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատները համատեղ իրականացնում են «Կեցցե՛ ֆուտբոլային ոգին» նախագիծը, որի հիմնական նպատակն է՝ համախմբել սպորտային հանրության ներկայացուցիչներին՝ երիտասարդներին, մարզիչներին, մանկավարժներին և այլոց: Միջոցառումները տեղի են ունենալու հունիսի 8-ին և 9-ին: Այս միջոցառմանն էր նվիրված ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Նիկոլա Ֆաեի և Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի համատեղ ասուլիսը:

Նախագծին մասնակցելու են գերմաներեն և ֆրանսերեն սովորող 70 պատանիներ: Ըստ Նիկոլա Ֆաեի՝ պատանիները, մանկավարժները և սպորտային հանրության արտասահմանցի ներկայացուցիչները փորձելու են սպորտի միջոցով բացահայտել Հայաստանը: Միջոցառման առաջին օրը կկազմակերպվեն քննարկումներ և սեմինարներ աշակերտների համար, իսկ երկրորդ օրն «Ակադեմիա» մարզադաշտում կլինեն սպորտային միջոցառումներ և ֆուտբոլային խաղեր:

«Սա միայն մարզական միջոցառում չէ: Ֆուտբոլային պրակտիկան համադրվելու է մտքերի փոխանակման հետ: Մեր նպատակն է՝ ֆուտբոլի շուրջ համախմբել բոլորին՝ անկախ սեռից, սոցիալական վիճակից և ծագումից: Միջոցառմանը տղաների հետ մասնակցելու են նաև աղջիկները»,- նշեց Ֆրանսիայի դեսպանը:

Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը հատուկ շեշտեց աղջիկների մասնակցության հարցն այս միջոցառումներին: Ըստ Մաթիաս Քիսլերի՝ աղջիկները ևս պետք է ներգրավված լինեն մարզական միջոցառումներում: Այս թեմայով գերմանական կողմը նախատեսել է անցկացնել սեմինարներ:

Կարդացեք նաև

«Հատուկ նշել եմ ուզում նաև, որ հունիսի 8-ին և 9-ին այս ծրագրի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն 2 ֆրանսիական և 2 գերմանական ֆիլմեր: Ցուցադրության մուտքը ազատ է»,- նշեց Գերմանիայի դեսպանը:

Երկու երկրների դեսպանները խոսեցին նաև հունիսի 11-ին մեկնարկող Եվրո-2016-ի մասին: Այս միջոցառումները նվիրված են Եվրոպայի առաջնությանը և անցկացվելու են ֆուտբոլային ստուգատեսից 3 օր առաջ:

Նիկոլա Ֆաեն նշեց, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մարզաշխարհում 3-րդ կարևորագույն իրադարձությունն է՝ Օլիմպիական խաղերից և ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո;

«Եվրոպայի առաջնությունը երկրպագուների համար նորից համախմբվելու հրաշալի հնարավորություն է: Այս իրադարձության համար Ֆրանսիա են ժամանելու 1,5 միլիոն երկրպագուներ:

Ֆրանսիան շատ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում այս առաջնությանը: Ողջ Ֆրանսիայում մոբիլիզացվել են ժանդարմերիայի, շտապօգնության աշխատակիցներ, ոստիկանական ուժեր: Երկրպագուների երթերը հսկվելու են անվտանգության հատուկ ուժերի կողմից»,- նշեց Նիկոլա Ֆաեն:

Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ գերմանացիները հատկապես հուզված են այս առաջնությունից առաջ, քանի որ Աշխարհի գործող չեմպիոններն են և իրենց ուսերին կա մեծ պատասխանատվություն:

Գերմանիայի դեսպանը խոսեց նաև Հայաստանի ազգային հավաքականի մասին:

«Ընտրական փուլի ժամանակ ներկա եմ եղել Հայաստան-Դանիա և Հայաստան-Ալբանիա մրցավեճերին: Տպավորված եմ Հայաստանի հավաքականի խաղով, հուսով եմ, որ նրանք կխաղան Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում»,- նշեց Մաթիաս Քիսլերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս