Կառավարությունն ավիատոմսերի գնման բնագավառում նոր կանոններ է սահմանում

Նախագծերը ներկայացնող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ամիսներ առաջ ավիատոմսերի գնման բնագավառում նոր կանոնակարգումներ մտցնելու հանձնարարական է տրվել:

«Այն ժամանակ էլ ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ բյուջետային միջոցներն արդյունավետ չեն ծախսվում, ավելին՝ կան նաև կառուպցիոն ռիսկեր, որոնց վերահսկողությունն ինքնին ծայրահեղ թանկ է: Հաշվի առնելով այդ ամենը՝ մենք մի քանի ամիս է, ինչ աշխատում ենք, աշխատանք ենք կատարել տարբեր կազմակերպությունների հետ: Հիմա, արդյունքում առաջարկում ենք կարճաժամկետ պիլոտային ծրագիր ներդնել մի քանի գերատեսչություններում` ստեղծել էլեկտրոնային հարթակ, որի միջոցով ավիատոմսերն ամրագրվելու են և գնվելու են» ,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Խոսելով կանոնների մասին՝ նա նշեց, որ դրանցից մեկն այն է, որ հենց ֆորմալ առումով ստացվում է գործուղման մեկնելու թույլտվություն, 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային համակարգի միջոցով պետք է իրականացվի ամրագրումը, որից հետո պատասխանատու անձը պետք է հաստատի և թույլ տա գնումը: Թույլատրվում է գնել տվյալ օրվա դրությամբ որոնման համակարգում առկա նվազագույն արժեք ունեցողը ավիատոմսը կամ դրա նկատմամբ մինչև 8 տոկոս տարբերություն ունեցող ավիատոմսը: Դրանք անվանվում են կանաչ տոմսեր:

Համակարգում ամրագրման որոնում կատարելիս համակարգն արտացոլում է տվյալ պահին առկա, բացառապես «էկոնոմ» կարգի բոլոր սակագնային դասերի ավիատոմսերը՝ դրանք տարանջատելով երկու հիմնական խմբի՝ «կանաչ» պիտակով նշվածները համապատասխանում են ավիատոմսերի գնման քաղաքականությանը, «կարմիր» պիտակով նշվածները շեղվում են ավիատոմսերի գնման քաղաքականությունից: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ թույլատրվում են շեղումներ մի քանի կանոնների առկայության դեպքում՝ երբ համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս առկա է ուղիղ չվերթով մեկ այլ ավիատոմս, որը որոնման համակարգում թեկուզև նշված է «կարմիր» պիտակով, սակայն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 15 տոկոսի չափով, ապա թույլատրելի է համարվում այդպիսի ուղիղ չվերթով ավիատոմսի ամրագրումը:

Կարդացեք նաև

Այն դեպքում, երբ համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս առկա կանոններին համապատասխանող բոլոր ավիափոխադրումները նախատեսում են տարանցիկ կանգառ՝ ավելի քան 6 ժամով, ապա թույլատրվում է ձեռք բերել 6 ժամից պակաս տարանցիկ կանգառ նախատեսող ավիափոխադրումը, որը թեկուզև նշված է «կարմիր» պիտակով, սակայն պայմանով, որ այն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 15 տոկոսի չափով:

Այն դեպքում, երբ համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս առկա կանոններին համապատասխանող բոլոր ավիափոխադրումները նախատեսում են միայն երկուսից ավելի տարանցիկ կանգառներ, ապա թույլատրվում է ձեռք բերել մեկ տարանցիկ կանգառով կամ ուղիղ չվերթով նվազագույն արժեք ունեցող ավիափոխադրումը, որը թեկուզև նշված է «կարմիր» պիտակով, սակայն պայմանով, որ այն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 20 տոկոսի չափով:

Այն դեպքում, երբ համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս առկա կանոններին համապատասխանող բոլոր ավիափոխադրումները նախատեսում են տարանցիկ վիզայի առկայության պարտադիր պայման՝ տվյալ երկրով տարանցում կատարելու համար, ապա թույլատրվում է ձեռք բերել նման տարանցիկ վիզայի պահանջ չունեցող՝ հաջորդող նվազագույն արժեք ունեցող ավիափոխադրումը, որը նշված է «կարմիր» պիտակով:

Այն դեպքում, երբ համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս արտացոլված կանոններին համապատասխանող բոլոր ավիափոխադրումները կամ դրանց մի մասը փաստացի կատարվում են այնպիսի ավիաընկերությունների կողմից, որոնց որակի դասակարգիչով շնորհված է որակի 2 աստղից պակաս դաս կամ ընդհանրապես բացակայում է դասակարգումը, ապա թույլատրվում է ձեռք բերել նույն որակի դասակարգչով որակի 2 և ավելի աստղեր ունեցող ավիափոխադրողի կողմից առաջարկվող հաջորդ նվազագույն արժեք ունեցող ավիափոխադրումը, որը թեկուզև որոնման համակարգում նշված է «կարմիր» պիտակով, սակայն պայմանով, որ այն չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 15 տոկոսի չափով: Գործում է նաև բացառիկ դեպքի կանոնը:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այս կարգը չի տարածվում ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի գործուղումների վրա: Ազգային անվտանգության խորհրդի մյուս անդամների գործուղումների դեպքում ձեռք է բերվում համակարգում առկա նվազագույն արժեք ունեցող ավիատոմսը՝ առանց կարգի և երթուղու ընտրության սահմանափակման: Նա նշեց, որ պիլոտյաին ծրագրի տևողությունը կլինի ոչ ավելի, քան մեկ ամիս, ենթադրում են այն սկսել հունիսի 15-ին:

ՀՀ նախագահի աշխատակազﬕ ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞ր ընկերությունն է սպասարկելու ներդրվող համակարգը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ հաղթել է «Ամադեուս» կազմակերպությունը: Վիգեն Սարգսյանն էլ նշեց, որ «Ամադեուսը» դրված է խելացի կառավարման մոդելի վրա: «Երբ գիտեն, որ դուք միայն իրենցից եք տոմս գնում, իրենք սկսում են մենաշնորհային ձեզ թանկ տոմսեր առաջարկել այնպես, որ դուք չեք նկատում, որովհետև դա պարբերաբար է արվում, և դուք համեմատելու այլ եզր չեք ունենում: Այստեղ շատ կարևոր է, որ ﬔնք չընկնենք ﬕ իրավիճակի մեջ, երբ ունքն ուղղելու տեղը՝ աչքն ենք հանում»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ տոմս վաճառողն «Ամադեուսը» չէ, այն ամրագրման համակարգ է: Գնումը կատարվում է կոնկրետ ավիաընկերությունից:

Տեսանյութեր

Լրահոս