Գազի սակագնի իջեցումից կարող են օգտվել առավել շատ գազ սպառող ճյուղերը. տնտեսագետ
Գազի սակագնի իջեցումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ տնտեսության տարբեր ճյուղերի վրա, բայց միանշանակ չէ, որ համարժեք կերպով կիջնեն այլ ապրանքների գները ևս: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը:
«Ապրանքների գների վրա տարբեր գործոններ են ազդում: Հատկապես այն ճյուղերը, որոնք առավել շատ են գազ սպառում, դրանք կարող են օգտվել այս իջեցումից: Այդ թվում` ցեմենտի արտադրություն, ջերմաէլեկտրակայաններ, դրա հաշվին էլեկտրաէներգիայի էժանացում կարող է լինել, հիդրոկայաններ, այլ ճյուղեր, բնականաբար: Բայց սպասել, որ համարժեք իջեցում կլինի էլեկտրէներգիայի գնի, չենք կարող»,-ասաց տնտեսագետը:
Հարցին` ««Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ չափի իջեցումն առավելագույնն է, որ կարող էր անել ընկերությունը, դուք ունե՞ք որևէ գնահատում, արդյոք, ավելի շատ իջեցնելու հնարավորություն կար», Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Որևէ մեկը գնահատական տալուց առաջ պետք է ունենա բավարար ու լիարժեք տեղեկատվություն: Մինչ այն պահը, երբ տեղեկավություն չի տրամադրվում հնարությանը, որևէ մեկը չի կարող գնահատական տալ: Ով գնահատական կտա, նա դիլետանտ է: Ես կարծում եմ, որ «Գազպրոմ Արմենիա&r aquo;-ն պետք է ներկայացնի թափանցիկ հաշվետվություն առ այն, թե ինչից է բաղկացած ինքնարժեքը և դրանից հետո կարող ենք հետևություններ անել»: Տնտեսագետը հավելեց, որ բավական ժամանակ է` այդպիսի առաջարկ իրենց կողմից ներկայացվել է, սակայն իրավիճակը չի փոխվել, այս իմաստով` լրագրողները կարող են դա անել:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշմամբ` ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար բնական գազի սակագինը սահմանվել է 146 հազար 700 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն 156 հազար դրամ էր: Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար սահմանվել է վաճառվող բնական գազի սակագինը 256.56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն կազմում էր 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սա հմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2016-ի հուլիսի 1-ից: