
Սպառողը հուլիսի 1-ից գազի դիմաց 156 դրամի փոխարեն կվճարի 146.7 դրամ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները: Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար բնական գազի սակագինը սահմանվել է 146 հազար 700 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն 156 հազար դրամ էր:
Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար սահմանվել է վաճառվող բնական գազի սակագինը 256.56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն կազմում էր 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2016-ի հուլիսի 1-ից:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը սակագնի վերանայման հայտ ստացել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ապրիլի 29-ին: