Իմիտացիոն պայքար ու բլեֆ՝ ԱԺ-ում

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները երեկ ավարտեցին 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումները։ Դրանց ավարտական ակորդը` բավականին բուռն վիճաբանությունների զուգորդմամբ, տվեց Տնտեսական հարցերի հանձնաժողովը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը խոսեց ներդրումների, հարկային օրենսգրքի, բաց երկնքի քաղաքականության, տնտեսական զարգացումների մասին ու մի քանի «ցնցող» հայտարարություններ արեց։ Ըստ նրա` ԱԺ ներկայացված ՀՕ նախագծի հետ կապված շատ է քննադատվում եկամտահարկի բարձրացումը, սակայն դրականն էլ չպետք է անտեսել, մասնավորապես` շահաբաժինների մասով որոշակի տոկոսադրույքի բարձրացում կա։ Ա.Մինասյանը նշեց, որ շահութահարկն ու եկամտահարկն իրարից էականորեն տարբերվում են և, եթե շահույթը չի հարկվում, ձեռնարկություններին ձեռնտու է աշխատողներին բարձր եկամուտներ վճարել. «Խնդիրը ոչ թե տոկոսադրույքների մեծ ու փոքր լինելու մեջ է, այլ հավասար վերաբերմունքի»։

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ մեր երկրի տնտեսության զարգացումը պայմանավորված է Հարկային օրենսգրքով, և չպետք է հարկային մարմինը մշակի այն, նրանք պետք է միայն որպես փորձագետ հանդես գան. «ՀՕ-ն, որպես կանոն, մի խնդիր պետք է լուծի` հարկերի իջեցում, զուգահեռ` բյուջեի ավելացում։ Քաղաքացուն ուրիշ բան չպետք է հետաքրքրի»։

Խ.Քոքոբելյանը քննադատեց նաև բաց երկնքի քաղաքականությունը, որը, ըստ նրա, իմիտացիա էր` լղոզելու և ավիացիայի քայքայումը կոծկելու համար, դրա հետևանքով ավիատոմսերը թանկացան, խոշոր ավիաընկերությունները հեռացան Հայաստանից, ռուսական ընկերությունների իրականացրած դեմպինգի պատճառով շատ չվերթեր հանվեցին, և այժմ Վրաստանից ու Հայաստանից թռչելիս` գների էական տարբերություն կա։

«Ես հասկանում եմ, որ որպես ընդդիմադիր` Դուք պետք է ամեն ինչ ավերվածության ներքո ներկայացնեք, ես ինքս ընդդիմադիր եմ եղել։ Մի քիչ չափելի գնահատականներ տվեք, ավերվածության չափման քանակը ո՞րն է»,- վրդովվեց Ա.Մինասյանը` հավելելով, որ բաց երկնքի քաղաքականություն հայտարարելուց հետո ՀՀ-ում փոխադրողների թիվն ավելացել է, սպասվում է ավելի խոշոր ընկերության մուտք, որը մրցակից կլինի ռուսական ավիաընկերությունների համար։

Նա հայտարարեց, թե Երևան, Թբիլիսի, Բաքու օդանավակայանների շարքում մեկ օդանավի հաշվով գների առումով Հայաստանն ունի առավելություն։ Ա.Մինասյանը պատգամավորին մեղադրեց առանց թվերին տիրապետելու քննադատության մեջ։

«Դուք չեք որոշելու իմ տեղեկացվածությունը»,- հակադարձեց Խ.Քոքոբելյանը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս է, որ անցած տարի 1.2 մլն զբոսաշրջիկ է եկել Հայաստան, իսկ սպառումը նվազել է, անշարժ գույքի գները ևս անկում են ապրել. «Դրանք հակառակ էֆեկտը պիտի տային։ Մեր սպառումն ինչի՞ ա ընկնում, էս ամենամեծ ֆոկուսն ա։ Սպառումն ընկնելու հետ էլ հարկային մուտքերն են ավելանում։ Տնտեսագիտական որ խորանում ես, առողջական պրոբլեմներ կունենաս»։
Ա.Մինասյանը սպառման անկումը պայմանավորեց գնանկմամբ։ Ըստ նրա` գնանկումը տնտեսական զարգացումը կասեցնող գործոն է. «Եթե ունենայինք որոշակի գնաճ, դուք չէիք նշի, որ սպառումը նվազել է»։ Նախարարը հարցադրում արեց, թե տուրիզմից ակնկալիքը ո՞րը պետք է լինի։

«Գնացեք Վրաստան, տեսեք` որը պետք է լինի»,- նկատեց Վ.Այվազյանը։
Ա.Մինասյանը վրդովվեց, թե արդեն չարաշահում են Վրաստանի օրինակը. «Անընդհատ` Վրաստան, Վրաստան։ Մենք էլ մրցակցային առավելություններ ունենք։ Եկեք դրանց մասին խոսենք»։ Նախարարի կարծիքով` ծովափնյա երկրի հետ համեմատությունը ճիշտ չէ։

Պատգամավորների դժգոհությունների հերթական թիրախը «Հայկական երկաթուղիներն» էին։ Պատգամավոր Խ.Քոքոբելյանը բողոքեց, որ ՌԴ-ին հանձնած օբյեկտները փոխանակ մեզ փող տան, դեռ մի բան էլ բյուջեից են փող տանում։
Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն արդարացավ, թե ուղևորափոխադրումների վնասները փոխհատուցելը կառավարության պարտավորությունն է, ու թեև բեռնափոխադրումների ծավալն անցած տարի շուրջ 19%-ով նվազել է, բայց ՀԿԵ-ն 102%-ով կատարել է ստանձնած ներդրումային պարտավորությունները, բարելավել է տեխնիկական ցուցանիշները, և այլն։

«Ներողություն, երևի մեր երկաթգիծը բարգավաճում է»,- հեգնանքը չզսպեց Վ.Այվազյանը։
Այնուհետև վիճաբանությունների «ջահը» փոխանցվեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանին։

Խ.Քոքոբելյանի հարցադրումը, թե ե՞րբ կարող ենք վերացնել կոռուպցիայի մեծ հնարավորություններ տվող «հսկիչ գին» հասկացությունը, ՊԵԿ պաշտոնյային չոգևորեց։ Նա հայտարարեց, թե հսկիչ գներով ճշգրտում կատարվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվում, օրինակ` ԵՏՄ շրջանակներում այդ պահանջները հանվեցին, բայց այսօր նման խնդիր կա բոլոր այն դեպքերում, երբ ապրանքներ են գալիս Թուրքիայից, Չինաստանից, Կորեայից, այսինքն` այն երկրներից, որտեղից գները ճշտել հնարավոր չէ։
Վարդան Այվազյանը փորձեց նաև Ալավերդյանից ճշտել, թե ինչո՞ւ է սպառումը նվազել, իսկ հարկերը` ավելացել, և ստացավ պատասխան, որ անկում է գրանցվել շրջանառության հարկ վճարողների մասով, քանի որ առաջին 6 ամսում հսկողություն չի իրականացվել։
Այվազյանը շարունակում էր պրպտել, թե ինչի՞ հաշվին, ո՞ւր են գնացել միջոցները, ստվերն ի՞նչ է եղել։ «Ստվերը եղել է, կա ու կմնա, ու դրա դեմ պետք է պայքարենք»,- անկեղծացավ ՊԵԿ փոխնախագահը` նշելով, որ հարկային եկամուտների կառուցվածքը դիտարկելիս` պարզ երևում է գումարների շարժը։

Վ. Այվազյանն Ալավերդյանից պահանջեց երրորդ երկրներից ներկրվող մեքենաների վրայից ԱԱՀ-ն հանել, որպեսզի «ռուսը գա ստեղից մեքենա տանի»։ «Ժոստկի պահում եք, 32% մաքսատուրք որտե՞ղ կա,- դժգոհեց Այվազյանն ու հավելեց,- Եթե մաքսազերծումն էժան եղավ, ռուսը ստեղից «Ռենջ Ռովեր» չի՞ տանի»։
Ա.Ալավերդյան էլ «հանդգնեց», իր իսկ խոսքով, «մինչև վերջ քանդել բզեզի բույնը», որ «ծաղկուն տարիներին» ավտոմեքենաներից ՀՀ բյուջե մուտք էր լինում 40-45 մլրդ դրամ, իսկ ԵՏՄ անդամակցությունից հետո սկսեցին բերել Ռուսաստանով, ու այդ պատճառով 2.5 մլրդ դրամ էլ այդտեղ է կորուստ եղել։

Ըստ նրա` ԵՏՄ ազդեցությունը ժամանակավոր է, կկարգավորվի, իսկ հարկն իջեցնելը բնապահպանական խնդիր է առաջացնում, որովհետև հին մեքենաների գերեզմանոցի կվերածվենք. «Լավ, ուզում եմ հասկանամ` ինչի՞ շուրջ ենք բանավիճում։ Եթե ավտոմեքենաներն ազատենք, դե եկեք դեղն էլ, հացն էլ ազատենք։ Ժամանակի ընթացքում ԵՏՄ անդամներն էլ կսկսեն ավելի թանկ հարկել։ Սա մի տարվա էֆեկտ է»։
Այվազյանի դիտարկմանը, որ հարկային մուտքերն ավտոմեքենաների գծով այս տարի էլ չեն կատարվի, Ալավերդյանը համաձայնեց. «Բայց ո՞վ ասաց, որ կատարվելու են։ Ես ի սկզբանե հայտարարեցի, որ ռիսկեր կան, ու 2016-ին չի կատարվի»:

Տեսանյութեր

Լրահոս