«Օբամա-Քերի վարչակազմը չի կարող խոչընդոտել Ռուսաստանի գործողությունները Ղարաբաղում»

Մեր զրուցակիցն է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՌԴ իշխանությունների կողմից հետապնդման մեջ գտնվող Անդրեյ Պիոնտկովսկին

– Պարոն Պիոնտկովսկի, մեկուկես ամիս առաջ ԼՂ-ում բռնկված քառօրյա պատերազմից հետո առաջին էական իրադարձությունը Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների և, հատկապես, ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների ջանքերով կազմակերպված Սարգսյան-Ալիև հանդիպումն էր։ Ապրիլյան բռնկումից հետո ռուսական ԶԼՄ-ները սկսեցին գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կազմակերպվելիք նախագահական հանդիպման մասին, ինչը Լավրովի երևանյան այցից հետո տապալվեց, սակայն նախագահները հանդիպեցին Վիեննայում և պայմանավորվեցին որոշ հարցերի շուրջ։ Տեսակետներ են հնչում, որ ՌԴ-ն զիջեց հակամարտությունում իր գերիշխող դիրքն Արևմուտքին, և գործընթացը վերադարձավ միջազգային հարթակ։ Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու Արևմուտք-ՌԴ հարաբերությունների դինամիկան՝ ըստ Ձեզ, ի՞նչ է կատարվում Ղարաբաղի շուրջ։

– Եթե Հայաստանում իսկապես նման կարծիքներ են հնչում, թե Ռուսաստանը զիջում է իր դիրքերը, դա իրականում ցանկալին իրականության փոխարեն մատուցելու փորձ է, ավելին՝ ամերիկյան և ֆրանսիական դիվանագիտության դերակատարությունն ավելացնելու փորձ։ Բայց մենք տեսնում ենք, որ ամեն օր հրապարակային կերպով պուտինյան Ռուսաստանը Սիրիայում «պարզապես ոտքերն է մաքրում» ամերիկացիների վրա, անելով այն ամենը, ինչ ցանկանում է՝ ռմբահարում է բնակչությանը, ռմբահարում է այն ապստամբներին, որոնք համագործակցում են Արևմուտքի հետ, ավելին՝ Քերիի ու Լավրովի յուրաքանչյուր հանդիպում ստորացուցիչ հարցաքննություն է, խնդրանքների տարափ՝ ճնշումներ բանեցնել Ասադի նկատմամբ, որը Մոսկվան չի էլ պատրաստվում անել։ Սա է կրեմլյան Մոսկվայի և թույլ, անպաշտպան Օբամա-Քերի աշխատակազմի հարաբերությունների ներկայիս մոդուսը։

Իմ համոզմամբ, եթե Մոսկվան իր «ոտքերն է մաքրում» Սիրիայում, առավել ևս կարհամարհի և ամերիկացիներին կպարտադրի այն, ինչ ցանկանում է, Կովկասում, որը նա համարում է իր ազդեցության գոտին։ Ալիև-Սարգսյան հանդիպումը որևէ նշանակալի արդյունքով չավարտվեց, Լավրովը ռազմական հանցագործ է, պատասխանատու Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար, ով այնտեղ հպարտ նստած էր՝ որպես հակամարտության առաջատար մասնակից։ Հակամարտության կարգավորումը ձգվում է արդեն 25 տարի, Բաքվին ու Երևանին վաղուց անհրաժեշտ է հասկանալ, որ Մոսկվան հետապնդում է մեկ նպատակ՝ այս հակամարտության երկարաձգում, շարունակություն, որպեսզի ազդեցության լծակներ ունենա և՛ Երևանի, և՛ Բաքվի նկատմամբ, արգելափակի արևմտյան կառույցներին մոտենալու նրանց բոլոր փորձերը։

Այդ քաղաքականությունը մենք տեսել ենք Հայաստանի նկատմամբ, երբ Հայաստանի «ձեռքերը ոլորվեցին»։ Ուստի վստահորեն կարող եմ ասել, որ Մոսկվան շարունակելու է այդ քաղաքականությունը, և ապրիլյան քառօրյա պատերազմը ևս ձեռնտու էր Մոսկվային, քանի որ Մոսկվան օգտագործում է այդ հակամարտությունն ու առավել կառուցողական կերպով առաջ մղում Ղարաբաղում սեփական խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը։ Այս ամենն արվում է մեկ այլ նպատակով ևս՝ Վրաստանին էլ ավելի մեծ վերահսկողության տակ պահելու նպատակով, քանի որ Վրաստանում սպասվում են ընտրություններ, որոնք կարող են Մոսկվայի համար տհաճ արդյունքներ ունենալ, ուստի Ղարաբաղում ցանկացած սրում կօգնի Մոսկվային՝ դնել իր ռազմական ներկայության ընդլայնման հարցը։ Ահա նման նպատակներ ունի Մոսկվան 25 տարի, ևս 25 տարի շարունակելու է այս քաղաքականությունը։

– Արևմուտքն այստեղ ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ։ Այսինքն՝ ԱՄՆ-ը չունի՞ ազդեցության լծակներ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։

– ԱՄՆ ներկայիս աշխատակազմը չի կարող խոչընդոտել Ռուսաստանի գործողություններին Ղարաբաղում։ ԱՄՆ-ը չունի ազդեցության լծակներ Ռուսաստանի նկատմամբ, և երբ Քերին ու Լավրովը հանդիպում են, Լավրովը ստանում է այն ամենը, ինչն իրեն պետք է, նա այդ խոսակցության մեջ հանդես է գալիս՝ որպես «առաջատար որձ»։ Տեսեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, դա ամերիկյան դիվանագիտության ամոթն է։ Նույնիսկ կատակներ են անում՝ եթե Լավրովին ու Քերիին թողնեն միևնույն սենյակում չորս ժամով, ապա այդ բանակցությունների ավարտին Ալյասկան կվերադարձվի Ռուսաստանին։ Ի՞նչ կարելի է այս իրավիճակում ասել Ղարաբաղի մասին։

– Հաշվի առնելով Ձեր նշած գործոնները՝ Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունն ու Արևմուտքի թուլությունը, ի՞նչ ելք եք տեսնում Հայաստանի ու Ադրբեջանի համար այս հակամարտության կարգավորման համար։

– Հիմա կարծես տեղին էլ չէ այդ հարցը քննարկել։ Եղել են իրավիճակներ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են եղել կարգավորմանը։ Ես մանրամասն ներկայացրի Ռուսաստանի նպատակը, ուստի կարծում եմ, որ հակամարտող երկրները կարող են հակամարտությունը կարգավորել միայն իրար միջև։ Պարզապես այսօր կողմերը դրանից հեռու են։ Կային ժամանակներ, երբ նրանք մոտ էին դրան, Տեր-Պետրոսյանի ու ավագ Ալիևի մասին է խոսքը։ Հիշո՞ւմ եք, թե ինչով ավարտվեց այդ գործընթացը՝ հեղաշրջում Երևանում և ողբերգական, դրամատիկ իրադարձություններ Ադրբեջանում։  Դրանից հետո ես չեմ հիշում, որ Բաքուն և Երևանը մոտեցած լինեին կարգավորմանը։

Ներկայումս շատ է խոսվում «Լավրովի ծրագրի» մասին։ Այն հրապարակային կերպով ոչ մի տեղ ներկայացված չէ, սակայն որոշ արտահոսքեր արդեն եղել են։ Տեսնում ենք, որ դա կայանում է նրանում, որ Ադրբեջանին են վերադարձվելու Ղարաբաղից դուրս շրջանները, որոնք Հայաստանը պահում է՝ որպես պաշտպանության երաշխիք Ղարաբաղի համար, իսկ որպեսզի ինչ-որ կերպ Հայաստանին և Ղարաբաղին հանգստացնի, Մոսկվան առաջ է մղելու խաղաղապահ ուժեր մտցնելու հարցը։ Հայաստանին առաջարկվում է հրաժարվել սեփական երաշխիքներից, փոխանցել դրանք Ռուսաստանին։

– Հայաստանն ինչպե՞ս կարող է հակադրվել այս ծրագրերին։

– ՀՀ իշխանություններին քաղաքականության դասեր տալն իմ իրավասությունը չէ։ ՀՀ իշխանություններն ու ՀՀ քաղաքացիները պետք է կայացնեն որոշումներ։ Բայց ինձ թվում է, որ Հայաստանում արդեն կա ընկալում այն մասին, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները ճիշտ ուղու վրա չեն։ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը Հայաստանին դրել է փակուղու մեջ, Մոսկվայից բացարձակ կախվածության մեջ։ Իսկ Ադրբեջանը, ես կասեի, որ ավելի շատ ազատություն ունի, քան Հայաստանը։

Տեսանյութեր

Լրահոս