«Սիրիահայերը սովորելու ու հայկական օրենսդրությանը ծանոթ լինելու կարիք ունեն». Էկոնոմիկայի փոխնախարար
«Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագիրը և ԳՄՀԸ «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացում» հայաստանյան ծրագիրը համատեղ նախաձեռնել են «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես-ֆորումը, որը նպատակ ունի խթանել սիրիահայերի շրջանում ձեռներեցությունն ու մասնագիտական կողմնորոշումը:
Այսօր ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց այս նախաձեռնությունը՝ նշելով, որ կառավարության համար սա նույնպես առաջնահերթություն է: Ըստ նրա՝ դրա վառ ապացույցն էր այն, որ երեկ ՀՀ նախագահը նույնպես այցելեց այս միջոցառման բացմանը:
Չնայած ծրագրի իրական անվանման մեջ կա նաև «փախստականներ» բառը, բայց փոխնախարարն իր խոսքում հատուկ չնշեց այդ բառը, որպեսզի «սիրիահայերը դառնան ոչ թե փախստականներ, այլ ՀՀ լիիրավ քաղաքացիներ»: Փոխնախարարի խոսքով՝ դա ՀՀ կառավարության և իշխանությունների ցանկությունն է:
Հ. Հովհաննիսյանը նկատեց, որ Սիրիայի և Հայաստանի տնտեսական միջավայրերի մեջ կան էական տարբերություններ, և նրա խոսքով՝ և՛ իրենց, և՛ Գերմանիայի կառավարության, և՛ այլ միջազգային կառույցների կողմից իրականացվող աշխատանքները պետք է միտված լինեն այդ միջավայրերի հարմարեցմանը մեր միջավայրին:
«Այսօրվա ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 60 սիրիահայ գործարարներ և ներկայացնում են իրենց արտադրանքները: Մյուս կողմից՝ ցուցահանդեսում մասնակցում են նաև իրենց աջակցող 12 կազմակերպություններ: Այս ցուցահանդեսը և միջոցառումը հարթակ է՝ այս երկու կողմերին իրար հետ ծանոթացնելու և համագործակցության մեկնարկը տալու համար»,- նշեց փոխնախարարը:
Նա հայտնեց, որ ՀՀ կառավարությունն իր՝ ՓՄՁ-ների աջակցության հիմնադրամի միջոցով՝ նաև աջակցություն է ցուցաբերել սիրիահայերին. «Այս ծրագրի շրջանակներում ձևավորված է աշխատանքային խումբ: Առաջիկայում այս աշխատանքային խմբի կողմից կիրականացվի սիրիահայերի կարիքների գնահատում, կթիրախավորվեն կոնկրետ նպատակները և կառաջարկվեն ու կիրականացվեն կոնկրետ միջոցառումներ՝ աջակցություն ցուցաբերելու համար»:
Անդրադառնալով հարցին, թե հիմնականում ի՞նչ խնդիրներ են բարձրացնում սիրիահայերը, փոխնախարարն ասաց, որ Սիրիայի և Հայաստանի տնտեսական միջավայրերի միջև բոլոր առումներով կան տարբերություններ:
«Հայաստանում միջավայրն այլ է. դա չի նշանակում՝ այստեղ լավ է, այնտեղ՝ վատ, կամ՝ հակառակը: Հարկային օրենսդրությունն իրենց համար նոր է, ու այստեղ սիրիահայերը սովորելու ու հայկական օրենսդրությանը ծանոթ լինելու կարիք ունեն. այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Հուշաթերթիկ է կազմվելու, թե ինչպես է գործում Հայաստանի օրենսդրությունը, ինչ պետական աջակցություններ կան, ինչպես կարելի է դրանցից օգտվել, և այլն»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե սիրիահայերն ասում են, որ հարկային բեռը շատ է, վարձակալության գումարը՝ նույնպես, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ Հարկային օրենսդրությունը բոլորի համար է, իրենք չեն կարող բացառություններ անել: «Ինչ վերաբերում է վարձավճարներին, դա երկու տնտեսվարող սուբյեկտների միջև եղած հարաբերություններ են, այստեղ պետության խնդիրը ոչ թե՝ այդ բեռը նվազեցնելն է, այլ՝ աջակցության այլ միջոցներ գտնելը, ինչն արվում է»,- եզրափակեց փոխնախարարը: