«Միջազգային հանրության կողմից կա ինչ-որ վճռականություն». Լևոն Զուրաբյանը՝ նախագահների հանդիպման մասին
Սահմանային լարված իրավիճակների ֆոնին՝ ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում քննադատել, մեկնաբանել, խորհուրդներ տալ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով այսօր Վիեննայում նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:
«Ի վերջո, իրավիճակին տիրապետում է իշխանությունը, ռեսուրսներին տիրապետում է իշխանությունը, միջազգային ճնշումներին տիրապետում է իշխանությունը: Բազմաթիվ անհայտներ կան, որ ընդդիմությունը չի տիրապետում և չի էլ կարող տիրապետել»,- նշեց Զուրաբյանը:
Խոսելով նախագահների հանդիպումից ունեցած իր ակնկալիքների մասին՝ Լ. Զուրաբյանը նախ՝ ասաց, որ չի ուզում գուշակություններ անել, ապա նշեց, թե, կարծես, լուրջ կազմ է հավաքված՝ արտգործնախարարներ են գնացել, ինչը, ըստ նրա, հուշում է, որ միջազգային հանրության կողմից կա ինչ-որ վճռականություն՝ ինչ-որ ձևով կարգավորել իրավիճակը:
Դիտարկմանը, թե ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված երեք նախապայմանները չեն կատարվել, սակայն նա համաձայնել է գնալ բանակցությունների՝ Լ. Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ՝ կատարվե՞լ են, չե՞ն կատարվել, կամ ի՞նչ տեսքով են կատարվել, ու արդյոք դրա հետ կապված դրույթները նո՞ւյնպես քննարկվում են այդ բանակցություններում: Չեմ ուզում դատողություններ անել»:
Դիտարկմանը, թե Հրանտ Բագրատյանն ասում է՝ պատերազմ կլինի, քանի որ «Արցախի ճանաչման մասին» օրինագիծն օրակարգում չէ, Լ. Զուրաբյանը նշեց, որ իրենք չեն մասնակցել այդ օրինագծի՝ օրակարգ անցնելու քվեարկությանը. «Մենք, իհարկե, ԼՂՀ-ի ինքնորոշման պաշտպանն ենք եղել և կանք՝ 1988-ից սկսած: Մեր նպատակն է՝ հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման. ցանկացած քայլ մենք պետք է գնահատենք, չափենք, այդ կոնտեքստում, եթե մենք քայլ ենք անում, որով խոչընդոտում ենք միջազգային ճանաչումը, կամ առաջացնում ենք պրոցեսներ, որոնք այդ միջազգային ճանաչմանը հակառակ են գնալու, բնականաբար, նման քայլ անելն անհեթեթություն է: Մինչև մենք չունենանք գերտերությունների աջակցությունն այս հարցում, նման քայլը կընկալվի՝ որպես միակողմանի տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող քայլ»:
Ի պատասխան հարցին, թե՝ կիսո՞ւմ եք այն մտահոգությունը, որ այսօր ապրիլի 2-ի համեմատությամբ՝ Հայաստանի դիրքերն ավելի թուլացած են, Լ. Զուրաբյանը նշեց, որ իրենք հիմա են ուզում նման հարցերի մասին խոսել և մեկնաբանել: «Ապրիլի 2-ից սկսած մեր քայլերն ուղղված են հենց նրան, որ այդ դիրքերն ուժեղ լինեն, և՛ ռազմաճակատում մեր բանակը, պետական իշխանությունն ուժեղ լինի, և՛ միջազգային հանրության մեջ իր բանակցություններում: Ես չեմ ցանկանա անել հայտարարություններ, որոնք դեմ կլինեն այդ նպատակին»: