«Լավ է ուշ, քան երբեք». Վահրամ Բաղդասարյանը՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նորմալ է համարում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությունը՝ «թերությունները շտկելու, ավելորդ ծախսերը կրճատելու, գոտիները ձգելու» վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետն ասել է, որ քննարկումներ են կազմակերպվելու ինչպես՝ իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր պատգամավորների հետ, որպեսզի վերջիններս առաջարկություններով հանդես գան. «Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները, և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին՝ մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը»:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Վ. Բաղդասարյանը նշեց, որ այս խնդիրը բազմիցս բարձրացվել է. «Որովհետև մեր ընդդիմադիր գործիչների և նաև իշխանության ներկայացուցիչների կողմից ժամանակին բավականին առաջարկություններ եղել են, որ հարկավոր է վերանայել նպատակային ծախսերը, որ բյուջեի գումարները հնարավորինս ավելի նպատակային օգտագործվեն: Այս հայտարարությունն այս պահին չէ, որ եղել է, հիմա արդեն կոնկրետ գործողությունների պետք է անցնել, վարչապետի ասածն ընդամենը դա է, որ, եթե կան առաջարկություններ, այդ առաջարկությունները նաև պատգամավորների կողմից հնչեցվեն»:
Վ. Բաղդասարյանի խոսքով՝ բազմիցս նշվել է, որ ծառայողական ավտոմեքենաները շատ են, բյուջետային հաստիքները շատ են, ուռճացված են, գործուղումները շատ են, վերանայման կարիք ունեն: «Արդեն իսկ դրա նախաքայլերը եղել էին, թռիչքների հետ կապված՝ էկոնոմ կլասով թռչելու այդ հարցը համակարգվել էր, որ ինչքան հնարավոր է՝ պետք է խնայողություն լինի: Մենք բավականին բծախնդիր ենք դարձել՝ գործուղումների հետ կապված, և միայն նպատակային գործուղումներն ենք մենք խրախուսում: Մենք էլ ենք բազմիցս ասել, որ պետք է խնայողություններ անել, առավել ևս, այս իրավիճակում, երբ արդեն ապրիլյան դեպքերից հետո մենք յուրաքանչյուր լումայի հետ կապված՝ պետք է շատ ուշադիր լինենք»:
168.am-ի հարցին, թե հնարավո՞ր չէր այդ ավելորդ ծախսերն ավելի վաղ սկսել կրճատել, որպեսզի ավելի շատ գումարներ ուղղվեին բանակին՝ հաշվի առնելով, որ, ճիշտ է, ապրիլ ամսին լարվեց իրավիճակը, բայց մենք պատերազմող երկիր ենք, ու միշտ էլ կարելի էր կանխատեսել, որ նման իրավիճակի առջև ենք կանգնելու, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Մի հայկական բնավորության գիծ կա՝ ասում է՝ «մինչև դանակը ոսկորին չի հասնում, մենք ավելի զգոն չենք լինում»: Ասեմ, որ այդ տենդենցը միշտ եղել է, բայց ոչ այսպես կտրական, որը հայտարարվել է ՀՀ վարչապետի կողմից, և ասեմ, որ այդքան էլ կանխատեսելի չէին ապրիլյան դեպքերը, որ կարող էր նման մասշտաբի լայնածավալ երևույթ արձանագրվել, բայց, համենայն դեպս, դեպքը եղել է, և քանի որ մեր թշնամին անկանխատեսելի է, մենք պետք է զգոն լինենք ու յուրաքանչյուր դետալի վրա պետք է ուշադրություն դարձնենք: Ինձ թվում է, որ բավականին ավելի զգոն իրավիճակ է ստեղծվել, և լավ է ուշ, քան երբեք, մենք պետք է բավականին ուշադիր լինենք, պետական ծախսերից սկսած՝ մինչև յուրաքանչյուրիս առանձին պահելաձևի և վարվելակերպի մեջ պետք է փոփոխություն մտցնենք»: