Բաժիններ՝

«Ապրիլյան իրադարձությունները սթափեցնող էին». Վահագն Խաչատրյան

«Երբևիցե չպետք է բավարարվել ունեցածով և պետք է ձգտել ավելին ունենալ: Այս սկզբունքը միշտ է աշխատում, առավել ևս՝ պետության կայացման գործում սա ամենակարևոր սկզբունքը պետք է լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե հաղթանակը որքանո՞վ է ամրապնդվել տնտեսապես, և այսօր ի՞նչ ունենք անելու:

Ըստ նրա՝ 1994 թ. հրադադարից հետո, միանշանակ է, որ մենք կարող էինք ավելի հզոր տնտեսություն ունենալ, և միանշանակ է, որ եղել են բացթողումներ.

«Այդ ամենի մեջ ամենակարևորը, թե ինչը խանգարեց, որ ունենանք ավելի հզոր տնտեսություն, ինչը նշանակում է՝ ավելի անվտանգ հայրենիք, դա առաջին հերթին՝ այն է, որ իշխանությունները համարձակություն չունեցան կամ ինչ-ինչ պատճառներով չկարողացան բարեփոխումները հասցնել դրական ավարտի: Այդ մասին նշում են նաև միջազգային կառույցները: Մենք անցում կատարեցինք մի տնտեսական համակարգից մեկ այլ տնտեսական համակարգի, և դժվար է չափորոշիչներ դնել, թե ինչ էր, և ինչ էինք ուզում:

Աշխարհի համար, մեզ համար՝ առավել ևս, նորություն էր, որ 70 տարի Խորհրդային Միությունում ապրելուց հետո մենք այլ երկիր էինք ու պետք է կառուցենք անկախ պետություն՝ մեր ուժերի վրա հենվելով, ու ամենակարևորագույն բարեփոխումը՝ ինստիտուցիոնալ՝ պետական ինստիտուտների բարեփոխումը, մենք չկարողացանք անել: Այսօր մեր տնտեսական կարողությունները գալիս են հենց այդ կառավարման համակարգից, որն իրեն չարդարացրեց հիմնականում այն պատճառով, որ պետական ինստիտուտները չեն գործում:

Այսինքն՝ ցանկացած հարց, որ կանգնում էր, լինի քաղաքացի, գործարար, հ/կ թե քաղաքական ուժ, խնդիրների դեպքում ոչ թե ապավինում ենք պետական ինստիտուտներին, այլ առաջին հերթին՝ մտածում ենք, թե ինչպես կարողանանք մեկին գտնել, որ մեր հարցը լուծի: Այսինքն՝ մենք պաշտպանված չենք այսօր իշխանության մարմինների կողմից ցանկացած ոտնձգություններից, քանի որ պետական ինստիտուտները չեն աշխատում: Ավելին՝ չաշխատելն այնքան վտանգավոր չէր լինի, քան թե աշխատում են ոչ թե՝ գործող օրենքով, այլ՝ կամայականներով կամ իշխանության ներկայացուցիչների պատվերով»:

Վ.Խաչատրյանի կարծիքով՝ այս իրադրությունն իր մեջ վտանգ է պարունակում, քանի որ տարիների ընթացքում մարդիկ կորցնում են հավատն ու հույսը պետական ինստիտուտների նկատմամբ, և, ցավոք, ամեն ինչ վերագրում են ոչ թե՝ իշխանության բացթողումներին, այլ՝ որ «մենք այդպես էլ չկարողացանք պետություն դառնալ» մոտեցմանը: Ըստ նրա՝ սա ամենամեծ բացթողումն ու վտանգն է, որովհետև դա էր ամենահիմնական պատճառը, որ չկարողացանք տնտեսության զարգացումն այլ ուղղությամբ տանել, չկարողացանք մրցակցություն ապահովել, երկրում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ բոլորի կողմից խաղի կանոններն ընդունվեին, և ապրեինք Սահմանադրություն և օրենք կոչվող խաղի կանոններով:

«Ապրիլյան իրադարձությունները սթափեցնող հանգամանք էր, մարդկանց մեծ մասը կիսաքուն-կիսարթուն վիճակում էր, երկիրն իր հունով գնում էր տնտեսական առումով շատ բացասական հունով: 2-3% աճը բավարար համարել, բայց այդպես էլ 2009 թ.-ից հետո դուրս չգալ ճգնաժամից, սա շատ անհանգստացնող էր: Եվ ապրիլյան դեպքերը հենց դրանով սթափեցնող է, որ պետք է ամփոփել, թե ինչ ունենք:

Ցավալի է շատ, որ այդ գնով է լինում, մենք տարբեր առիթներով զգուշացնում էինք, բայց մեր գնահատականներն այնքան էլ ուշադրության չէին արժանանում, իշխանության ավելորդ վստահությունը թույլ չէր տալիս նրան օբյեկտիվ լինել: Այսօր այն քայլերը, որ պետք է կատարվեն իշխանության կողմից, չեն երևում: Պետք է առաջին հերթին՝ ձևակերպել, թե ինչ պետք է արվի, որովհետև անցած տարվա վերջին մատուցված ծրագիրը՝ բյուջեի տեսքով, ընդունելի չէ: Խնդրի ձևակերպումից հետո պետք է խոսել դրա իրականացման ճանապարհներից, ու ամենակարևոր խնդիրը պետք է լուծվի՝ մենք ուզո՞ւմ ենք ազատ շուկայական երկիր, թե՞ ոչ»,- ասաց Վ.Խաչատրյանը՝ հավելելով, որ ներդրումները զարգացման նախապայմանն են, բայց դրանք ներգրավելու ուղղությամբ քայլեր չկան: Նրա խոսքով՝ սփյուռքը պատրաստակամ է, և սփյուռքին պետք է հստակ ազդակներ ուղղել, ինչը չի արվում:

Վ.Խաչատրյանը նշեց, որ, իհարկե, քիչ ժամանակ է անցել, և հույս հայտնեց, որ իշխանությունը կանի դա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս