«Այսօր Թուրքիայում վտանգված են բոլորը, առավել ևս՝ հայերն ու քրդերը». քուրդ գործիչ
«Թուրքիայում ստեղծված վտանգավոր իրավիճակը շարունակվելու է, քանի դեռ չկա համապատասխան արձագանք ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Նազմի Գյուրը` անդրադառնալով Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականի պատճառներին ու հետևանքներին:
Նա նշեց, որ դրական է ընդհանուր առմամբ համարում Դավութօղլուի հեռանալը, քանի որ Դավութօղլուն էրդողանի քաղաքականության կրողն էր: Պարզապես, ըստ Գյուրի, ինչ-որ պահի Էրդողանի ավելի կոշտ քաղաքական մոտեցումները լուրջ տարաձայնություններ առաջացրին Էրդողանի և Դավութօղլուի միջև, ինչը ստիպեց Դավութօղլուին հեռանալ:
«Սա նշանակում է, որ Էրդողանը բոլոր ուղղություններով շարունակելու է իր ներկայիս քաղաքականությունը, որն օրեցօր ավելի մեծ խնդիրների առջև է կանգնեցնում Թուրքիային և՛ աշխարհում, և՛ տարածաշրջանում, և երկրի ներսում` բոլոր հարևանների հետ հակամարտություններ, սրված հարաբերություններ հրահրելով: Էրդողանին չի կանգնեցնում ստեղծված պայթյունավտանգ վիճակը Թուրքիայի ներսում՝ կապված քրդական խնդրի հետ, փախստականների, ներքաղաքական կյանքի:
Էրդողանը բոլոր այլախոհներին լռեցնում է ամենաբիրտ միջոցներով`փորձելով նույնն անել նաև խորհրդարանի անդամների նկատմամբ, որի դեմ մեր պատգամավորներն ընդվզում են, սակայն անօգուտ, հայտնվելով վտանգավոր միջավայրում: Խնդիրները շատ են և՛ արտաքին, և՛ ներքին: Էրդողանն ընտրում է բոլոր վատ ճանապարհները, դրանք բոլորը տանում են պատերազմների, նա տապալում է բոլոր խաղաղ գործընթացները»,- ասաց Նազմի Գյուրը` ավելացնելով, որ ներկայիս զարգացումները որևէ դրական զարգացում չեն խոստանում Թուրքիային:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Գյուրը նշեց, որ Դավութօղլուի հետ պատահածն արտացոլում է թուրքական ողջ իրականությունը:
«Չկա կոմպրոմիսներին ընդառաջ գնալու, հարաբերություններ հարթելու որևէ ցանկություն, առավել ևս՝ Հայաստանի հետ, որի հետ հարաբերությունները պայմանավորված են նաև Ադրբեջանով և մի շարք այլ գործոններով, շահերով, ռուս-թուրքական լարվածությամբ, սիրիական հակամարտությամբ: Այս ամենն իրար հետ կապված է և կամ միանգամից կհանգուցալուծվի, կամ` հակառակը: Դավութօղլուն որոշ զիջումների կողմնակից էր, սակայն նրա հեռանալը նշանակում է, որ պետք է մոռանալ նման զիջումների մասին, պետք է մոռանալ, որ առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի հնարավորություն կարող է լինել»,- ասաց Գյուրը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Թուրքիայում հայ համայնքը հայտնվի վտանգի տակ, հաշվի առնելով Էրդողանի սպառնալիքները՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այն մասին, որ Թուրքիայում 100 հազարից ավելի հայ է ապրում, որոնցից ոմանք՝ առանց բնակության իրավունքի, Գյուրն ասաց, որ այսօր Թուրքիայում իրենց վտանգված են զգում բոլորը, ուստի պետք է զգուշանան բոլորը, առավել ևս՝ հայերն ու քրդերը: Նրա խոսքով՝ Արևմուտքը պետք է վճռականություն ցուցաբերի Թուրքիայի ղեկավարի նկատմամբ ու կոշտ կերպով արձագանքի նրա բոլոր քայլերին՝ չհրաժարվելով եվրոպական արժեքային համակարգից: «ԱՄՆ-ը ու ԵՄ-ն կարող են զսպել Էրդողանին, սակայն չեն անում, քանի որ շահեր ունեն Թուրքիայում, բայց այս ամենը շարունակվելու է, քանի դեռ չկա համապատասխան արձագանք ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից»,- ասաց քուրդ գործիչը: