«Մենակ 15-20 հոգու դեմ մարտի է բռնվել ու զոհվել»
asparez.am. «Ապրիլյան պատերազմում զոհված Մանվել Գեւորգյանի մասին պատմում են ծնողները
Ապրիլյան պատերազմում զոհված երեւանաբնակ 18-ամյա Մանվել Գեւորգյանի տանն եմ: Ամենուր նրա շունչն է` լուսանկարները, միջազգային առաջնություններում նվաճած մեդալները, հետմահու ստացածները… Սեղանին Մանվելի լուսանկարն է` թարմ ծաղիկները կողքին: Ծնողներն ամեն օր մոմ են վառում` աղոթելով զինվորների կյանքի ու խաղաղության համար, ինչպես նախկինում: Կարծես ոչինչ չի փոխվել:
Հայրը` Արմեն Գեւորգյանը, հայացքը չի կտրում որդու լուսանկարից: Լռությունը քանի գնում ճնշող է դառնում… Ստիպված ես եմ ընդհատում.
-Մանվելի մասին կպատմե՞ք:
Սկսում է պատմել` առանց դադարի, ոգեւորությամբ, հավանաբար ցանկանալով, որ ես էլ ճանաչեմ հերոս Մանվելին, որ մենք էլ ճանաչենք…
-7 տարեկանից կարատեով է զբաղվել, միջազգային մրցաշարերի է մասնակցել, Եվրոպայի Գրան պրին նվաճել… Շատ արագաշարժ էր, ամեն ինչ ուզում էր սովորել, անել, հասցնել…Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Ֆիզկուլտինստիտուտ: Համ սովորում էր, համ աշխատում: Խանութում գործ էր գտել` փաթեթավորող էր: Առաջին աշխատավարձը որ ստացավ, բերեց ասաց` պա՛պ, աշխատավարձ եմ ստացել: Ասի` ուզում է առաջինը լինի, ուզում է վերջինը, ինձ քո աշխատավարձը պետք չէ, բարով ծախսես: Երբեք ավելորդ ծախսեր չէր անի: Մի տարի ինստիտուտում սովորեց ու գնաց բանակ: Մարտունիում էր ծառայում: Ամբողջ ծառայության ընթացքում մի անգամ դժգոհած չկար, ասած չկար` էս ինչ աֆիցերը հետս լավ չի, սնունդը լավը չի, տեղը լավը չի… Մենակ լավն էր պատմում: Սանհրահանգիչ էր, կրտսեր սերժանտ: Մարտի 8-ին արձակուրդ եկավ: Ոչ մեկին չէր ասել, ասաց` ուզում եմ գամ մայրիկին ու քույրիկին անակնկալ անեմ: Եկավ, գնաց, ու մեզ էսպես «անակնկալ» արեց:
Մանվել Գեւորգյանը բանակ էր զորակոչվել 2015թ հուլիսի 7-ին, ծառայում էր Մարտունիի զորամասերից մեկում: Ծնողների հետ վերջին անգամ ապրիլի 14-ին էր խոսել, ասել էր` դիրքեր է բարձրանում, իջնի՝ կզանգի:
-Այդ օրը բոլորիս հետ խոսեց` իմ, քույրիկի, տատի, պապի, ընկերների… Ասաց` ամեն ինչ կարգին է, դուք հանգիստ եղեք: Որ հարցրի` Մանվե՛լ ջան, կամավորականները որ եկել են, էդքանիդ համար տեղ կա, բա ո՞նց եք էդքանով մի տեղ մնում, որտե՞ղ եք քնում: Կատակի տվեց, ասաց` մա՛մ ջան, նոր «դվուխներ» ենք ստացել,- պատմում է Մանվելի մայրը` տիկին Նաիրան:
Ապրիլի 14-ի զրույցը, ցավոք, վերջինն է եղել. դրանից երկու ժամ անց` դիրքերում հակառակորդի դիվերսիոն հարձակումը կանխելիս՝ 18-ամյա Մանվել Գեւորգյանը զոհվել է հակառակորդի կողմից ստացած հրազենային կրակից:
-Դիրքերում երկուսով են եղել, որ դիվերսիան զգացել են, Մանվելը հետի ծառայողին ասել է` ես կպահեմ, գնա կանչի տղերքին, ասա՝ հարձակում է լինելու: Մինչեւ էդ երեխեն իջել է, թշնամին հարձակվել է: Մանվելս մենակ 15-20 հոգու դեմ մարտի է բռնվել, մի քանի րոպե դիմադրել է, մինչեւ տղերքը հասել են, բայց արդեն ուշ է եղել: Երեւի լիցքավորելու պահին է դեպքը եղել…,- ասում է Մանվելի հայրը:
Հետո նորից հիշողությունների գիրկն ընկնում.
-Ինձ թագավոր էր ասում: Ասում էր` թագավոր ջան, արխային, գալու եմ, ձեզ թեւ ու թիկունք լինեմ, բնակարան առնենք, դուրս գանք էս վարձով տնից: Թագավորին մատ արեց…:
Երեւանի քաղաքապետարանն օրերս որոշում կայացրեց բնակարանով ապահովել վարձով բնակվող զոհված զինծառայողների ընտանիքներին: Սա, սակայն, Գեւորգյաններին չի սփոփում, ցավը չի մեղմում:
-Մենակ մի բան է մխիթարում, որ հերոսի մահով գնաց, որ մեր մյուս հերոսների պես անմահացավ…,- ասում է հերոսի հայրը»: