«Ինչքան հնարավոր է լինում՝ կռվում է, մինչև վերջին փամփուշտը կրակում է, ու…». Արցախում զոհված կապիտան Արգիշտի Գաբոյանի հայրը մանրամասներ է պատմում որդու վերջին կռվից

Արցախում զոհված կապիտան Արգիշտի Գաբոյանը չհասցրեց զորամասում Սպարապետ Վազգեն Սարգսյանի փոքրիկ թանգարանը բացել, որի համար խնամքով հավաքել էր Սպարապետի նկարներն ու նրա մասին պատմող նյութերը, որոնք այժմ պահվում են Արգիշտիի սենյակում:

Քառօրյա պատերազմում անհայտ կորած Արգիշտի Գաբոյանի մարմինն ապրիլի 20-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո ադրբեջանական կողմը վերադարձրել էր հայկական կողմին:

Արգիշտին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր: Մայիսի 13-ին նա կդառնար 25 տարեկան: 168.am-ի հետ զրույցում հերոսի մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, պատմում է, որ դեռ մանկուց որդին սիրել է բանակը և զինվորական հոր հետ միշտ գնացել է ջոկատի հավաքներին: Այդ այցերից մեկի ժամանակ էլ հանդիպել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին, զրուցել հետը ու այդ օրվանից մեծ համակրանք տածել Սպարապետի նկատմամբ. Արգիշտին այդ ժամանակ 6 տարեկան էր: «Մայիսի 9-ին պետք է Վազգեն Սարգսյանի թանգարանը բացեր իրենց զորամասում, էն էլ չբացեց…»,- ասում է մայրը:

argsiht 3

argisht2

Դպրոցն ավարտելուց հետո Արգիշտին հստակ գիտեր՝ ուզում է զինվորական դառնալ և ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո ծառայության էր անցել Թալիշում: Տիկին Հասմիկի խոսքով՝ Արգիշտին շատ էր սիրում Թալիշը. «Ես ուզում էի, որ ինքն ամուսնուս հետ Քարվաճառում ծառայեր: Ինստիտուտն ավարտելուց հետո վիճակահանության ժամանակ ամուսինս Քարվաճառից եկավ, որ խոսենք՝ տղաս էլ Քարվաճառ գնա, բայց Արգիշտս դուրս եկավ, ասաց, թե ծնողներին չեն թողնում մասնակցել վիճակահանությանը: Սակայն մեզ խաբեց, խաբեց ու միանգամից Թալիշ գնաց, չէր ուզել Քարվաճառ գնալ»:

Հայրը՝ Արծվի Գաբոյանը, հանդիպել էր որդու հետ հենակետում ու մանրամասներ պատմեց վերջին հանդիպման ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերի մասին. «Այնպես պատահեց, որ ապրիլի 2-ի լույս 3-ի առավոտ ես այդ հատվածում եղա: Արգիշտիիս երբ հանդիպեցի՝ ժպտալով ասաց. «Պապ, էս ինչի՞ ես եկել էստեղ»: Ինքը մտածեց, թե մենակ եմ գնացել, բայց մենք ամբողջ ստորաբաժանումով էինք գնացել: Պատասխանեցի, որ մենակ չեմ, մեր բոլոր տղերքով ենք: Երկրորդ բառն էր՝ պապ, գյուղն ավերեցին: Հարցրի՝ տունը շա՞տ է վնասվել, հնարավո՞ր է ապրել, պատասխանեց, թե ապակիներն են կոտրվել, բայց ապրել հնարավոր է: Ասի՝ բա պատերազմ է, բա ի՞նչ ես ուզում, տղա ջան: Հետո ասաց, թե հրամանատարը հրաման է տվել, որ դիրք բարձրանան, ինքն էլ իր զորքին հրահանգավորեց, որ շարվեն, ու հետները գնաց: Ես էլ հետևից գնացի: Հետո կանգնեցի, ինձ գրկեց, ասաց՝ պա, էլ մի արի, գնա: Համբուրվեցինք, իրար հաջողություն մաղթեցինք, ու հեռացավ… Ես կանգնած նայեցի հետևից, ինքը մի 30 քայլ գնաց, հետո շուռ եկավ, ժպտալով ինձ նայեց (մոր խոսքով՝ Արգիշտին հազվադեպ էր ժպտում.- Ռ.Մ.) ու թեթև քայլերով հեռացավ…

Վաշտն արդեն շարված էր, վաշտի հետ գնաց, սարերի արանքով դուրս եկավ ու արդեն իմ տեսադաշտից կորավ: Էլ չեմ տեսել, մեկ էլ մի հատվածում մարտի պահին եմ տեսել: Ես խրամատից հեռադիտակով իր ուղղությամբ դիտարկում էի և տեսա, որ մեկն այնտեղ հետ քաշվեց դեպի թիկունք, հրահանգավորեց, երեխեքը դիրքավորվեցին:

Մինչև այդ, առավոտյան մոտ 40-45 րոպե ուժեղ հրաձգություն կատարվեց, այդ ընթացքում կրակոցներն ինտենսիվ գնում էին Արգիշտենց դիրքերի վրա, գյուղի վրա, հետո՝ մեր դիրքերի վրա: Այդ ընթացքում մի որոշ ժամանակ դադարեցին կրակոցները: Այդ պահին տեսա, որ 6-7 հոգի դուրս եկան մեր տեսադաշտ, մեկը դիրքավորեց ու ինքը կորավ: Որոշ ժամանակ անցավ, ու նորից մի 5-10 րոպեի չափով նորից ուժեղ հրաձգություն եղավ: Հետո, երբ ես դիրքերում էի, զինվորների հետ զրույցում իմացա, որ այդ մեկը հենց Արգիշտն է եղել. երեխեքին դուրս է բերել այդ հատվածը, դիրքավորել է, որպեսզի իրեն կրակով պահեն, որ ինքը մտնի իր դասակի հրամանատարի դին դուրս բերի (խոսքը գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի մասին է.- Ռ.Մ.)»:

argisht 3

Արծվին չգիտի՝ հանգամանքներն ինչ կերպ են դասավորվել, հետո զինվորներն իրեն պատմել են. «Արգիշտին վազելով բարձրացել է, այդ ընթացքում թուրքերն ուզել են առաջ գալ, մեր զինվորները կրակով պահել են, ու հետ են քաշվել իրենք: Որ հետ են քաշվել, Արգիշտս վազելով բարձրացել է դիրք, դա մեր նախկին դիրքն է եղել, այդ պահին թուրքերը վերցրել էին: Բարձրանում է, այդտեղ ուժեղ հրաձգություն է կատարվում 5-10 րոպե, ու Արգիշտս դրանից հետո անհայտ կորում է: Հետո դատաբժիշկների եզրակացությամբ պարզ է դառնում, որ ինքն ընկել է շրջանաձև կրակահերթի տակ: Այդտեղ ինչքան հնարավոր է լինում՝ կռվում է, մինչև վերջին փամփուշտը կրակում է, ու… Այդպես դիակը մի քանի օր այդտեղ է մնում, այդ ժամանակում 3-4 օրվա ընթացքում Արգիշտենց հրամանատարական կազմի շնորհիվ որոշ մարմիններ գիշերով դուրս են բերվում, բայց Արգիշտիի մարմինն արդեն այդտեղ չի լինում: Թե ուր էին տարել թուրքերը, ինչ էին արել… Իմիջիայլոց, ասեմ, երևում էր՝ իր վերքերը, կոտրվածքները հրազենային ու բեկորային էին, համեմատած մյուս մարմինների՝ իր մարմինն աղավաղված չէր: Թեև ամենավերջինն են տվել»:

Հերոսի մահով ընկած Արգիշտին սիրած աղջիկ ուներ: Մոր խոսքով՝ նա նույնիսկ օրագիր է պահել ու անձնական կյանքի մասին գրառումներ կատարել: «Երկու տարի է՝ ձմեռն իր մոտ՝ Թալիշում ենք անցկացնում: Անկյունները դասավորելիս՝ գտել էի այդ օրագիրը, բայց չեմ կարդացել: Երբ դեռ տեղեկություն չունեինք, որ ինքը չկա, այդ օրագիրն ամուսինս խնամքով հավաքել-բերել էր տուն, ես խոստացել էի Արգիշտիս, որ չեմ կարդա: Եթե ողջ գար, այդ օրագիրը կհանձնեի իրեն, եթե չէ՝ նոր կկարդայի, բայց հիմա էլ չեմ փորձում, գիտեմ, որ չի սիրի, համ էլ մեջս այդքան ուժ չեմ գտնում, որ կարդամ»,- ասաց մայրը:

Մայրը պատմում է, որ նույնիսկ տարվա մեջ մեկ անգամ հասնող 40-օրյա արձակուրդն Արգիշտին այնպես էր դասավորում, որ համընկնի գյուղի խոտքաղի հետ. «Թե՛ ես, թե՛ ամուսինս ասում էինք՝ գնա հանգստանալու, բայց չէր գնում»:

Մոր խոսքով՝ Արգիշտին միշտ ուզում էր ընտանիքում կատարվող ամեն ինչի մասին տեղյակ լինել. «Մի անգամ ասաց՝ մամ ջան, ինձ որ չեք ասում, մտածում եմ, որ էլ ձեր ընտանիքի անդամը չեմ»:

Մայրը նաև պատմում է, որ որդին տարված էր ընթերցանությամբ. «Շատ էր սիրում պատմական գրքեր կարդալ: Մի անգամ, երբ Թալիշում էի, Րաֆֆու «Գեղեցիկ Վարթիկը» տվեց, որ կարդամ, ասաց, որ շատ է սիրում: Մեջս շատ է տպավորվել այն պահը, երբ հայ աղջիկն ինքնասպան է լինում ու չի դառնում խանի որդու սիրուհին: 16 օրերի ընթացքում, որ կողքից միշտ ասում էին, թե կարող է Արգիշտին ողջ է, գերի է ընկել, ես ասում էի՝ հնարավոր չէ, որովհետև ինքն այնքան էր կարդացել, նույնիսկ ինձ էր կարդալ տալիս: Մտածում էի, որ կա՛մ շատ ծանր վիրավոր է, կա՛մ զոհված է»:

Argisht-1

Արգիշտին ունի քույր և եղբայր, քույրն ամուսնացած է: Իսկ եղբայրը՝ Հայկը, մոր խոսքով՝ շատ կապված էր Արգիշտիի հետ. «Հայկս մի անգամ ասաց՝ մամ ջան, չնեղանաք, քեզնից ու պապայից շատ՝ Արգիշտիին եմ սիրում»:

Արգիշտի Գաբոյանի ընտանիքն ապրում է գյուղի նախկին ճաշարանի շենքում, որն անմխիթար վիճակում է. պատերը կիսաքանդ են, նույնիսկ ջեռուցել հնարավոր չէ: Հերոսի ընտանիքին օգնելու համար Արծվի Գաբոյանի անունով «Հայբիզնեսբանկում» բացվել է հաշվեհամար.

11500427939079

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում

Տեսանյութեր

Լրահոս