Բաժիններ՝

«Սա մանիպուլյատորների, ստախոսների, մարդասպանների, բռնաբարողների մասնագիտություն է». Ալեքսանդր Աթանեսյանը՝ ռեժիսորի մասնագիտության մասին

Այսօր «Լեկտորիում» հասարակական-կրթական նախագծի շրջանակներում տեղի ունեցավ հայազգի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ալեքսանդր Աթանեսյանի «Ռեժիսուրան և ժամանակակից կինոն» թեմայով վարպետության դասընթացը, որին մասնակցում էին մասնագիտական բուհերում սովորող ուսանողներ, ֆիլմարտադրության ոլորտի մասնագետներ, կինոմաններ և մամուլի ներկայացուցիչներ:

Ալեքսանդր Աթանեսյանը ներկայացրեց ժամանակակից ֆիլմարտադրության միտումները, յուրահատկություններն ու զարգացման հեռանկարները, անդրադարձավ նաև ժամանակակից հայկական կինոյի ներկա վիճակին:

Ալեքսանդր Աթանեսյանը գտնում է, որ նմանօրինակ ֆորմատներով հանդես գալու իրավունք իրեն վերապահում են միայն սեփական սխալները, որոնց շտկումների արդյունքն է այն, ինչի մասին ինքն ուզում է փոխանցել վարպետության դասերի կամ լայնամասշտաբ հանդիպումների ընթացքում.

«Երբ մարդը կապույտ, անամպ երկնքով վեր է սլանում, դա, իհարկե, և՛ հեշտ է, և՛, անխոս, հաճելի զգացողություններ է պարգևում քեզ, սակայն, ցավոք, փառքի և հաջողության ճանապարհները միշտ չէ, որ այդպես են լինում: Յուրաքանչյուրի համար հաջողության ուղին շատ տարբեր է, և, ցավոք, գոյություն չունի հստակ բնորոշում այն հարցին՝ ինչպես հասնել հաջողությունների: Սխալները բոլորի համար նույնն են, և մենք բոլորս էլ այս կամ այն չափով սխալների ու մեղքի բաժին ունենք մեր մասնագիտական կենսագրության մեջ: Դա է պատճառը, որ բոլոր այն սխալները, որոնք ես գործել եմ ռեժիսուրայում, պրոդյուսերական աշխատանքում կամ հարակից այլ ոլորտներում, ինձ օգնել են անելու ճիշտ և տեղին հետևություններ»:

Կարդացեք նաև

Ռեժիսորն այն համոզմանն է, որ այսօր ամենաշահավետ ու լայն մասսայականություն ունեցող կինոարտադրող երկրներից մեկը մնում է Հնդկաստանը՝ իր «Բոլիվուդ» կինոստուդիայի տված արտադրանքով. «Զարմանալի չեն այս ցուցանիշները, որովհետև մարդկությունը համատարած գլոբալիզացիայի արդյունքում պահանջ ունի արագ սննդի, այդ թվում՝ նաև արվեստում: Հայտնի է, որ կինոն ունի երեք հիմնական տեսակ՝ մասսայական՝ մեյնստրիմ կինո, արտ հաուզ, և դրա մեջտեղում՝ այս երկուսի համատեղությամբ ստեղծվող ֆիլմեր, որոնք համեմատաբար նույնպես պահանջված են»:

Հայկական ժամանակակից կինոյի ներկա վիճակի մասին իր գնահատականներում Ալեքսանդր Աթանեսյանը լավատես չէ. «Հայկական ժամանակակից կինո գոյություն չունի, և դա իր պատճառներն անկասկած ունի: Գուցե կրթական համակարգը չի արդարացնում իրեն, գուցե մարդկային ռեսուրսների խնդիր կա, չի բացառվում նաև, որ վերջին 20-25 անցումային տարիների քաոսն է պատճառը, որի արդյունքում ռեժիսորները չեն կարողանում կենտրոնանալ՝ ինչ են իրենք ուզում, ինչպես են ուզում իրագործել իրենց մասնագիտական ցանկությունները, և այլն: Սա ասելու համար ես երկու հիմք ունեմ՝ համաշխարհային կինովարձույթներում ես հայկական արտադրության ֆիլմեր չեմ տեսնում, համաշխարհային կինոփառատոներում՝ նույնպես: Ուրեմն՝ ո՞ւր է, որտե՞ղ է թաքնված հայկական ժամանակակից կինոն»:

Խոսելով ժամանակակից կինոյի խնդիրների մասին՝ ռեժիսորն անդրադարձավ նաև երկրում առկա քիչ թվով կինոթատրոնների առկայությանը՝ դա ևս համարելով կինոարդյունաբերության նկատելի բաց:

Պատասխանելով ներկաների հարցերին՝ Ալեքսանդր Աթանեսյանը նշեց այն հիմնական հատկանիշները, որոնց օգնությամբ ռեժիսորի մասնագիտություն ընտրած յուրաքանչյուր մեկը կարող է հաջողություններ ունենալ՝ գիտելիքներ, խելք, բնավորություն և հաջողակ բախտ: Աթանեսյանն այն կարծիքին է, որ շատ պատահական մի հանդիպում կամ ծանոթություն կարող է կտրուկ փոխել ռեժիսորի ողջ մասնագիտական կյանքի ընթացքը, եթե վերջինս պարզապես հաջողակ է: Բացի այդ, ռեժիսորը մեկնաբանում է, թե ինչո՞ւ, օրինակ, ռեժիսուրայի բնագավառում չկան նկատելի հաջողություններ գրանցած կին մասնագետներ. «Սա մանիպուլյատորների, ստախոսների, մարդասպանների, բռնաբարողների մասնագիտություն է, և, եթե կանայք սկսում են տիրապետել թվարկածս հատկանիշներին (չհաշված միայն մանիպուլյացիան, որովհետև իրենք ի ծնե այդպիսին են), ապա նրանք դադարում են կին լինելուց, որովհետև բնությունից կնոջը շնորհված է կյանք պարգևել, այլ ոչ՝ առնել այդ կյանքը»:

Տեղեկացնենք, որ ռուսական կինոարտադրությունում հայտնի պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Աթանեսյանը ծնվել է 1953 թվականին, Վրաստանում: Աթանեսյանի ամենահայտնի ֆիլմը՝ «Սրիկաները» («Сволочи»), նկարահանվել է 2006 թվականին՝ Ռուսաստանում: Ռեժիսորը տարբեր տարիների պարգևատրվել է մի շարք մրցանակներով, հանդիսանում է «Անգել ֆիլմ» ընկերության գլխավոր տնօրենը, մի շարք համաշխարհային փառատոների դափնեկիր է, կինոարտադրող ոլորտի տարբեր առաջատար ակադեմիաների անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս