«Նախագահն ասաց, որ անիմաստ է շարունակել բանակցությունները, եթե ուժի չկիրառման սկզբունքն ամբողջությամբ չի գործում»
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը սին է համարում ադրբեջանական կողմի այն պնդումները, թե բանակցությունները վերսկսելու համար նախապայմաններ առաջ քաշելու եղանակով հայկական կողմը դուրս է եկել բանակցային գործընթացից: Մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանները բխում են Հելսինկյան եզրափակիչ ակտի ամենակարևոր սկզբունքներից մեկից՝ ուժի չկիրառման սկզունքից:
«Նախագահն ասաց, որ անիմաստ է շարունակել բանակցությունները, եթե ուժի չկիրառման սկզբունքն ամբողջությամբ չի գործում: Նախագահը հստակ հայտարարել է, որ հարկավոր է շփման գծում ներդնել հետաքննության մեխանիզմներ, պետք է լինեն հասցեական գնահատականներ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր արկածախնդրության: Սա է միակ տարբերակը բանակցությունները վերսկսելու համար: Միայն այս դեպքում իմաստ կունենա սկսել բանակցությունները: Այս առաջարկները նոր չեն դրվել սեղանին: Հետաքննության մեխանիզմների ներդրման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս խոսել են, սակայն Ադրբեջանը մերժել է: Ուստի սին են ադրբեջանական կողմի պնդումները, թե հայկական կողմը դուրս է եկել բանակցություններից: Այդ առաջարկների մասին առաջին անգամը չէ, որ խոսվում է»,- նշեց Մինասյանը:
Պատգամավորի գնահատմամբ՝ հայկական կողմը բանակցային գործընթացը վերսկսելու համար նախապայմաններ է առաջ քաշել՝ հենվելով պատերազմում ձեռք բերած հաջողությունների վրա, իսկ ադրբեջանական կողմի տարբերակը կամ այդ պայմաններն ընդունելն ու բանակցություններին վերադառնալն է, կամ նոր արկածախնդրությունը: «Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության: Սակայն ես առավել քան համոզված եմ, որ ինչպես հայր Ալիևի ավանտյուրայի դեպքում, այնպես էլ այս դեպքում ամեն ինչ ավարտվելու է Ադրբեջանի անփառունակ պարտությամբ, ինչն էլ կհանգեցնի նոր իրավիճա կի, որի դեպքում մենք հնարավորություն կունենանք խոսել բանակցային նոր փաստաթղթի մասին»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Պատգամավորը նկատեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում կրած պարտությունն Ադրբեջանը փորձել է կոմպենսացնել քաղաքական դաշտում, սակայն այնտեղ էլ ձախողվել է: Նա նշեց, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդրում հարց է բարձրացրել այն մասին, որ 1994թ. հրադադարի և 1995թ. հրադադարի ամրապնդման եռակողմ համաձայնագրերն ուժը կորցրել են, սակայն դրան հետևել է Մինսկի խմբի համանախագահների հստակ հայտարարությունը, որ հրադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ համաձայնագրերն անժամկետ են և ուժի մեջ են մնում:
Նա նաև հավելեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կասեցրել է հակառակորդի հարձակումն ու անցել կանխարգելիչ գործողությունների: Նրա խոսքով՝ կանխարգելիչ գործողությունները որոշ չափով վերացնում են հավանականությունը, որ Ադրբեջանը նոր բլից կրիգի կգնա: «Կան վերլուծություններ, որ եթե այդ հրադադարը չհաստատվեր, ապա Ադրբեջանի կորուստները ավելի շատ կլինեին, քան եղել են, ինչի արդյունքում նրանք սկսել են հրադադար մուրալ»,- ասաց Մինասյանը: