«ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում, դրա համար ենք անդամակցում ՀԱՊԿ-ին». Արմեն Աշոտյան

«Հայաստանն իր ռազմաքաղաքական զարգացման մեջ հույսը դրել է բացառապես իր ուժերի վրա: Արտաքին աշխարհից խռովել ու նեղանալ չի կարելի, պաշարված ամրոցի հոգեբանությունը շատ վտանգավոր է: Դիվանագիտական առումով՝ Ադրբեջանը բացառիկ պետություն է, որ լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, Իսրայելի հակառակորդ Իրանի հետ, Թուրքիայի հետ և Թուրքիայի հակառակորդ Ռուսաստանի հետ: Ամենալավ օրինակն է, որ արտաքին քաղաքականության մեջ սև ու սպիտակ ընկալումները պրիմիտիվ են»,- այսօրվա ասուլիսին այս մասին նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ «կամ-կամ»-ի ընկալումն օգուտ չի տալու. «Եթե, իհարկե, չեն սնում ինչ-որ մարդկանց գեոպոլիտիկ շահերը Հայաստանում: Եթե «Известия» թերթը գրում է ծավալուն հոդված Հայաստանում արևմտամետ ուժերի, հասարակական կառույցների զարգացման մասին, ու ՀՀ-ում Ամերիկայի դեսպանատունը չի զլանում ու դրան անդրադառնում է, ուրեմն՝ հաստատ պրոբլեմ կա»:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում լինել ռուսամետ, արևմտամետ կամ եվրոպամետ, ծիծաղելի է. «Մենք պետք է բոլորից ստանանք այն, ինչը մեզ պետք է, լինի դա Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը թե Պեկինը: Դա հնարավոր է անել, եթե արտաքին քաղաքականությունից չակնկալեք ռեալիթի-շոու: Հայաստանի իշխանությունն ապացուցել է, որ ճիշտ հաշվել գիտի»:

Հարցին՝ ՀԱՊԿ-ն՝ որպես կառույց, իրեն չի՞ սպառել, չէ՞ որ մենք տեսանք, որ Ադրբեջանին բացահայտորեն սատարեցին Բելառուսն ու Ղազախստանը, որոնք ՀԱՊԿ անդամ են, Աշոտյանը պատասխանեց. «Մենք այն միությունների մեջ ենք, որտեղ է Ռուսաստանը՝ ԵՏՄ, ՀԱՊԿ: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ մտնելուց հույսներս չենք դրել այլ անդամ պետությունների հնարավոր մասնակցության վրա: Իհարկե, նրանք պարտավոր են դա անել, բայց ակնհայտ է, որ Երևան-Աստանա ճանապարհն անցնում է Մոսկվայով: Նույնը՝ Երևան-Մինսկ ճանապարհը: ՀԱՊԿ պայմանագրում առկա հոդվածները դեռևս կյանքի չեն կոչվել, հայկական կողմը որևէ անգամ չի դիմել՝ ընթացակարգով սկսելու գործընթաց: «Ուժն է ծնում իրավունք» թեզն այս պարագայում էլ է ճիշտ: Բայց սա ձևական կառույց չէ»:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում, դրա համար ենք մտել ՀԱՊԿ. «25 տարվա ընթացքում Արևմուտքը Հայաստանի համար այլընտրանքային անվտանգային առաջարկություն չի արել»:

Լրագրողների հարցին՝ երբ Հայաստանն անդամակցում էր ԵՏՄ-ին, ինչո՞ւ էին մեր իշխանություններն ասում, որ դա անվտանգության հավելյալ երաշխիք է, հիմա ինչո՞ւ չկան այդ անվտանգության հավելյալ երաշխիքները. նա պատասխանեց. «Մեր ակնկալիքները ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից ու Ռուսաստանից դեռ չենք սպառել: Իսկ նման հարցադրումները բերում են նրան, որ պատասխանողը հանկարծ դառնում է ռուսական կողմի շահերի պաշտպանը: Մենք պետք է պաշտպանենք բացառապես մեր շահերը»:

Տեսանյութեր

Լրահոս