«Էրեխես հայկական հողը կպաշտպանե, բայց իրա մերը էդ հողի վրա տուն չունի»
asparez.am. «Կրկին Գյումրու Ավտոկայան տնակային թաղամասում էի, կողք-կողքի շարված բազմաթիվ կիսախարխուլ ու մռայլ տնակներով շրջապատված ու խճճված ճանապարհներով հասնում եմ 104/073 տնակ. անմխիթար ու անբավարար նույն պայմանները, ինչպես Գյումրու հազարավոր տնակներում է:
Մռայլ ու կիսախարխուլ տնակ, որի բարձրությունը չի հասնում 2 մետրի, մութ ու գորշ պատերը՝ առաջին իսկ րոպեներից ճնշող ազդեցություն են թողնում։ Սենյակի մի անկյունում վառարաններ են, որոնք փոքրացնում են տնակի՝ առանց այն էլ փոքր տարածքը։ Ամեն անկյունում անձրեւի կաթոցների թողած հետքերն են ու դրանցից պաշտպանվելու համար նախատեսված դույլերը։ Հատակն ամբողջությամբ քայքայված ու խարխուլ է, որը առնետների մշտական կացարան է դարձել։
Ուշադրությունս գրավեց անկյունում դրված էլեկտրական վառարանը, որը վաղուց կորցրել է իր նշանակությունը: Այն տիկին Անահիտի համար արդեն որպես սրբիչների պահարան է ծառայում։
-Մարդիկ մեջը խմորեղեն կթխեն, իսկ ես շոր կդնեմ,-կատակով ասում է նա։
Այս տնակում արդեն 2 տարի է, ինչ տիկին Անահիտը բնակվում է իր 2 որդիների հետ, մեծ տղան այժմ ծառայում է հայկական զիված ուժերում, իսկ մյուսը ընդամենը 2 ամսից է զորակոչվելու հայկական բանակ, միանալու ավագ եղբորը։
Տիկին Անահիտը միայնակ մայր է, 2002 թվականին ամուսինը մահացել է սիրտ-թոքային անբավարարությունից։ Ընտանիքի միակ եկամուտը, ինչպես ասում է տիկին Անահիտը, միայնակ մոր նպաստն ու թոշակն են, ամեն ամիս ընդամենը 33 հազար դրամ, որը նույն պահին էլ սպառվում է` կոմունալ ծախսերի, պարտքերի ու վարկերի պատճառով, երբեմն չի էլ բավարարում: Խանութներում կուտակված պարտքերի պատճառով սնունդ դժվարությամբ են ձեռք բերում, սոված օրերն էլ քիչ չեն եղել։ Օգնողներ չունեն, միակ օգնությունը, ըստ տիկին Անահիտի, «Շիրակ կենտրոնի» կողմից տրամադրված վառելափայտն է եղել, այն էլ` մի ամիս է բավարարել։
Տիկին Անահիտը աշխատանք չունի, ուր էլ դիմում է` տարիքն են պատճառաբանում ու չեն ընդունում աշխատանքի, ժամանակին տարբեր հիմնարկներում հավաքարար է աշխատել, դաշտերում՝ բանվոր, հիմա առողջությունն էլ չի ներում։ Բարձր զարկերակային ճնշումն ու սրտի հիվանդությունը հանգիստ չեն տալիս, դեղերի մասին չի էլ մտածում:
Տիկին Անահիտի պատմելով` ընտանիքն արդեն 28 տարի է, ինչ տնակից տնակ է տեղափոխվում, իրենց սեփական տնակը 2000 թվականին հրդեհվել է` երեխայի անզգույշ խաղի պատճառով, դրանից հետո տեղափոխվում ու բնակվում են տարբեր տեղերում:
Ընտանիքի մայրը պատմում է, որ այս տնակն էլ իրենցը չէ. ամեն առավոտ տիկին Անահիտը վախով հաշվում է այն օրերը, թե երբ է վերջանալու ապրիլ ամիսը. տնակի սեփականատերը ժամանակ է տվել, որ ընտանիքն ապրելու տեղ գտնի ու հեռանա։ Ընտանիքն անօթեւանության կարգավիճակ ունի, բայց որեւէ հույս չունեն, որ երբեւէ սեփական տուն կունենան։
Բազմիցս քաղաքապետարան են դիմել են. կինը պատմում է, որ իրեն կամ չեն ընդունել ընդհանրապես, կամ ընդունելու դեպքում էլ ասել են, որ դիմումն է ուշացրել, վերահաշվառման չեն մասնակցել:
Գյումրու Ավագանին ընտանիիքն առաջարկել է տուն վարձել` պարտավորվելով վճարել առաջին 2 ամսվա վարձը, սակայն ընտանիքը չի համաձայնել, հույս չունեն, որ կկարողանան մյուս ամիսների վարձը տալ։ Տիկին Անահիտը խնդրում է, որ գոնե տնակ տան իրեն, բայց դա էլ, տիկին Անահիտի պատմելով, մերժում են:
-Կըսեմ՝ դոմիկ չեք կրնա տա, գոնե վրան տվեք, էրեխեքս բանակից գալուց կիմանան տեղս, իմ էրեխես հայկական հողը կպաշտպանեն, բայց իրա մերը էդ հողի վրա տուն չունի,-ցավով ու հազիվ արցունքները զսպելով՝ պատմում է տիկին Անահիտը։
Հիմա նրա միակ երազանքը սեփական անկյուն ունենալն է, ընդամենը մի քանի օրից տիկին Անահիտն ու ապագա զինվոր տղան կմնան փողոցում` առանց տանիքի ու ապաստանի, նույնիսկ չգիտեն, թե որտեղից է իր տղային բանակ ճանապարհելու, իսկ մյուսին որտեղ է դիմավորելու»։