
Սեյրան Օհանյանն ականանետի նշանառու Հարություն Բադալյանին է հանձնել «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 30-ին զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության անունից խորին երախտագիտություն հայտնելով զինծառայողին և նրա ծնողներին հայրենիքին նվիրված զավակ դատիարակելու համար` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ողջ ժողովուրդն է հպարտանում մերօրյա հերոսների սխրանքով, և շարքային Հարություն Բադալյանի ու նրա նման տղաների օրինակը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ հայկական զինուժն իր պատրաստվածությամբ, զինծառայողների բարոյահոգեբանական բարձր մակարդակի և մարտական ոգու շնորհիվ պատրաստ է յուրաքանչյուր վայրկյան ճնշել հակառակորդի ցանկացած գործողություն: