Զինված ուժերի սպառազինությունը պատրաստ է և ի զորու կատարելու իր առջև դրված խնդիրները

ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը` նվիրված զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կազմակերպման, զորքերի մարտական կիրառման նախապատրաստման և տեխնիկական ապահովման հարցերին, տեղի է ունեցել ապրիլի 30-ին:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերի անընդհատությունը` որպես զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման նախադրյալ: Ընդգծելով, որ հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սահմանային վերջին աննախադեպ իրադարձությունների խորապատկերում չափազանց կարևոր է առանձնակի ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության, զորքերի տեխնիկական ապահովման և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին:

Ընդհանուր առմամբ, մատնանշվել է, որ զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի օգտագործումը կազմակերպվում և իրականացվում է տարեկան շահագործման պլանների, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հրամանների պահանջներին համապատասխան: Ըստ այդմ` զինված ուժերի սպառազինությունը պատրաստ է և ի զորու կատարելու իր առջև դրված խնդիրները թե խաղաղ, թե պատերազմական ժամանակաշրջանում: Ասվածի իրատեսությունն ապացուցվել է նաև ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական շփման գոտում ծավալված իրադարձությունների ընթացքում:

Ի մի բերելով ներկայացված վերլուծությունները, փաստերն ու առաջարկները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին:

Տեսանյութեր

Լրահոս