«Չի բացառվում, որ Գերմանիան հունիսին ճանաչի ցեղասպանությունը, քանի որ Էրդողանը չափն անցնում»
Օրերս Գերմանիայի «Կանաչների» (Die GrՖnen) կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը համոզմունք է հայտնել, որ Բունդեստագը հունիսի 2-ին կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ «Հունիսի 2-ին՝ 100 տարի շարունակ Հայոց ցեղասպանությունը ժխտելուց հետո, Գերմանիայի խորհրդարանը որոշում պիտի կայացնի այն մասին, որ դա ցեղասպանություն է եղել, և Գերմանիան էլ, որպես Օսմանյան կայսրության դաշնակից, նույնպես որոշակի պատասխանատվություն է կրում դրա համար»,- ասել է պատգամավորը։
Նա տեղեկացրել է նաև, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի նախագիծը մշակվել է «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության հետ համատեղ։ Նշենք, որ անցյալ տարի ևս Բունդեստագի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձև, որի ընդունմանը խոչնդոտել էին Գերմանիայի «Քրիստոնեական միություն» (CDU/CSU) և «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցությունների խորհրդարանական խմբերը, թեև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված իրենց ելույթների ժամանակ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Նոր բանաձևին սպասվող ճակատագրի մասին «168 Ժամը» զրուցել է Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանի հետ։
– Օզդեմիրը, ըստ էության, հաստատեց տեղեկությունը, որ հունիսի 2-ին քննարկվելու է Ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ քննարկումներից, հաշվի առնելով Բունդեստագի կողմից այս հարցով քննարկումների ձգձգումն ու թուրք-գերմանական սերտ հարաբերությունները։
– Օզդեմիրի դիտարկումներից տեղյակ չեմ։ Կասեմ, որ մեր կազմակերպությունը նամակ էր հղել Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկին, ով ներկայացնում է CDU/CSU կուսակցությունը, որը նախկինում խոչընդոտել էր նման բանաձևի ընդունումը, և նրա գրասենյակից տեղեկացրել էին, որ հունիսի 2-ին Ցեղասպանությունը և մյուս քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանությունների հարցը կմտնի Բունդեստագի օրակարգ։
Մեզ ուղարկված նամակում հույս էին հայտնել, որ օրինագիծն անցնելու է, քանի որ նման որոշում կա։ Եթե հիշեք, փետրվար ամսին Կանաչները նորից խնդրագիր էին ներկայացրել, որպեսզի օրինագիծը մտնի օրակարգ, սակայն նրանց հասկացրել էին, թե լավ կլինի, որ խնդրագիրը ժամանակավորապես ետ վերցնեն, քանի որ այդ ժամանակ բանակցում էին Թուրքիայի հետ փախստականների հարցով, և ուրեմն այդ պահին այդ հարցի շոշափումը նպատակահարմար չէր, և նրանք խոստացել էին օրինագիծ մշակել համատեղ ուժերով և անցկացնել։ Այժմ վերջին ժամկետը հունիսի 2-ն է։ Դժվարանում եմ հավատալ, որ օրինագիծն ընդունվելու է։ Ինչպե՞ս Էրդողանը կընդունի դա, և ի՞նչ կպատահի հետո այդ փախստականների հետ, սրանք հարցեր են, որոնք ինձ տալիս եմ՝ ունենալով այս հարցում տասնյակ տարիների փորձ։ Թեպետ դա մեծ իրադարձություն կլինի, քանի որ Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը կսթափեցներ Թուրքիային, որը վերջապես կզսպեր իր բռնած սխալ ճանապարհը։
– Փաստորեն Գաուկն իր պատասխանում հույս է հայտնել, որ կճանաչվի Ցեղասպանությունը, իսկ ի՞նչ է փոխվել Բուդեստագում և ընդհանուր առմամբ՝ Գերմանիայում, այս հարցի առնչությամբ, որ այսօր այդ օրինագիծը չի բեկանվի։
– Միակ իմ հույսը, փոփոխությունն այն է, որ Թուրքիայի նախագահն իր չափն անցնում է։ Եթե լսել եք, Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբն «Աղետ» խորագրով ծրագիր ուներ, որը ԵՄ-ից 200 000 եվրո ֆինանսավորում էր ստացել: Համերգի բացատրության մեջ խոսվում էր Ցեղասպանության մասին, թուրքական կողմին հաջողվել էր այդ եզրույթը վերացնել, դրա դեմ մեծ աղմուկ բարձրացավ և նորից տեղադրեցին։ Մեր բախտը բերում է, որ Էրդողանն իր չափն անցնում է, և գուցե դա պատճառ դառնա, որ որոշ պատգամավորներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ վերջապես խելքի գան, որ Էրդողանի հետ չի լինի պայմաններ կնքել, և այս մարդը մարդու իրավունքներ հարգողը չէ, և ընդհանրապես Թուրքիան այն պետությունը չէ, որ ԵՄ անդամ դառնա։ Սա է մեր միակ հաղթաթուղթը։ Կրկին պետք է ասեմ, որ Մերկելը հզոր ճնշման տակ է փախստականների հարցով և շատ կախված է Թուրքիայից, մնաց մոտավորապես 32 օր, և տեսնենք` ինչ կլինի։
– Խորվաթիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին՝ ասել էր, թե Հայաստանը կրակի հետ է խաղում, և հիշեցրել էր Թուրքիայում առկա բազմահազարանոց հայ համայնքի մասին։ Ըստ Ձեզ՝ հայ համայնքը Թուրքիայում կարո՞ղ է հայտնվել վտանգավոր իրադրության մեջ՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության գոտու շուրջ հայ-ադրբեջանական առճակատման սրացումը։
– Նկատի ունենալով այն փաստը, որ Կիպրոսի հարցի սրմանը զուգահեռ, թուրք ազգայնականները հարձակվում էին հունական խանութների, եկեղեցիների վրա, այսինքն՝ հավանական է, որ սրվելու դեպքում թուրքերը նույնն անեն, ինչպես մի շարք անգամներ արել են հայ, հույն ժողովրդի նկատմամբ Պոլիսում, այդ վտանգը կա։ Նայեք պատմությանը, և անցյալը ցույց է տալիս, որ թուրք ժողովուրդը կարող է և արել է նման բաներ։
– Պնդումներ կան, որ Արևմուտքի կոշտ հայտարարությունները կարող են զսպող դերակատարություն ունենալ Էրդողանի քաղաքականության համար։ Ե՞րբ այնուամենայնիվ Էրդողանի հետ կսկսեն ավելի կոշտ լեզվով խոսել, Էրդողանը բացահայտ սպառնալիքների լեզվով է հանդես գալիս իր հրապարակային ելույթներում։
– Այո, չափ ու սահման չկա Էրդողանի համար, և աշխարհը դա գիտի։ 2015թ. Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր, որը Գերմանիայում աղմուկ հանեց և մեր սպասածից ավելի շատ խոսվեց Ցեղասպանության մասին Բունդեստագում, գրքեր հրատարակվեցին, պատճառներից մեկն Էրդողանի քաղաքականությունն էր։ Բայց քաղաքականության մեջ հաշվի են նստում նաև քաղաքական կախվածության բաղադրիչների հետ և դիտարկում, թե որքան կախում ունեն էրդողանից։ Եթե դա չլիներ, ապա անցյալ տարի ապրիլի 24-ին կճանաչվեր Ցեղասպանությունը։ Ինչո՞ւ հետաձգեցին, հետո ասացին, որ դա անելու են արձակուրդներից առաջ, հետո դարձավ՝ հետո, այս տարվա փետրվարին նույնպես հետաձգեցին, հույս ունեին, որ լուծած կլինեն իրենց խնդիրը փախստականների հետ ու կանցնեն Ցեղասպանության ճանաչմանը, այնպես որ, մենք դեռ շատ բաներ կտեսնենք։ Գերմանիայում այս ուղղությամբ շատ անելիք կա, մենք դրանով զբաղվում ենք, որպեսզի Գերմանիայում այս հարցը լրագրողներից փոխանցվի պատմաբաններին, որպեսզի գրքեր հրատարակվեն, որպեսզի այս հարցին տեղյակ լինեն մարդիկ։
Եթե հունիսի 2-ին ճանաչվի Ցեղասպանությունը, այնուամենայնիվ, ժողովուրդն ու հասարակությունը պետք է ըմբռնի, թե ինչ է կատարվել։ Դրան պետք է ավելացնել նաև այն, թե ինչ է ԼՂ-ում տեղի ունենում այս օրերին՝ նույն Ցեղասպանության շարունակությունն է՝ այս անգամ Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի կառավարության դրդմամբ, և պատահական չէր, որ ադրբեջանցիների կայծակնային հարձակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահն ու Ադրբեջանի նախագահը Թուրքիա և Ադրբեջան այցեր կատարեցին։ Պետք է պատրաստ լինել, որ Գերմանիայի թուրք համայնքը ոտքի կկանգնի, երբ Բունդեստագը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։