Բաժիններ՝

Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար Երևանում բացվեց մանկապարտեզ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բացվեց մանկապարտեզ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Բացմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկա յացուցիչներ:

«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արա Բաբլոյանը նշեց, որ զարգացման հապաղում և հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումը հասարակություն անհնար է առանց վաղ միջամտության, վերականգնողական համալիր միոցառումների և համապատասխան նախադպրոցական ու դպրոցական կրթական ծրագրի իրականացման: Հետևաբար, քննարկելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հետ որոշվել է որևէ վարչական շրջանում առանձնացնել մանկապարտեզ՝ այն ներառական դարձնելու համար: Արդյունքում ընտրվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզը: Վարչական շրջանի ընտրությունը պայմանավորված էր բնակչության թվաքանակի մեծությամբ:

«Հայաստանում երեխաների 10 տոկոսն ունի այս կամ այն չափի զարգացման հապաղումներ և խանգարումներ: Մեր խնդիրն է, հարմարեցնելով մանկապարտեզները, ստեղծել օրինակելի կառույց և համապատասխան պայմաներով հնարավորություն տալ խնդիրներ ունեցող երեխաներին հաճախել մանկապարտեզ»,-ասաց Արա Բաբլոյանը:

Նա տեղեկացրեց, որ մանկապարտեզի բացումը ծրագրի մի հատվածն է: Նույն վարչական շրջանի թիվ 9 պոլիկլինիկայում դեռևս 2012 թվականին ստեղծվեց վերականգնողական ծառայություն, որը հնարավորություն է տալիս առաջնային բժշկական օղակում ապահովել երեխաների վերականգնողական բուժումը: Ներկայում վերականգնողական ծառայությունում բժշկական օգնություն է ստանում շուրջ 60 երեխա: Եվ ահա ծագրի երկրորդ փուլով վերակառուցվեց և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար առանձնացվեց թիվ 92 մանկապարտեզը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով նման մանկապարտեզների առկայությունը, նշեց, որ այն բազմաֆունկցիոնալ շատ լավ կենտրոնի օրինակ է:

«Այս կենտրոնն իր մեջ ներառում է տարբեր ծառայություններ և թույլ է տալիս, որ թե հոգեբանները, թե մյուս մասնագետները բազմակողմանի աշխատեն երեխաների հետ: Երեխաները, ծնողները վերականգնողական միջոցառումների մասնակից են դառնում: Նման մանկապարտեզները կնպաստեն հատուկ կենտրոնների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար»,-ասաց նախարարը:

Մանկապարտեզը հագեցվել է վերականգնողական անհրաժեշտ սարքավորումներով, ունի ֆիզիկական դաստիարակության և ֆիզիոթերապիայի դահլիճ, շենքն ամբողջովին հարմարեցված է ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների կարիքներին: Մանկապարտեզում գործում է 3 նախաներառական խումբ, որտեղ հաճախում են զարգացման ծանր հապաղումներով 24 երեխա: Ներառական 6 խմբեր կարող են հաճախել ընդհանուր առմամբ 18 երեխա: Մանկապարտեզում աշխատում է բազմամասնագիտական թիմ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ սա ողջունելի ծրագիր է: Նրա խոսքով, նման մանկապարտեզների առկայությունը կարևոր է, որ երեխաների ինտեգրման գործընթացը հեշտությամբ կատարվի: Քաղաքապետը համոզմունք հայտնեց, որ ծրագիրը շարունակական է լինելու և մյուս վարչակա շրջանները ևս կարող են ունենալ նման մանկապարտեզներ:

Նշենք, որ ծրագրի հովանավորերն են «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս