
Դեպի Մարս թռիչքը կլինի միջազգային ծրագիր. NASA

Մարդու թռիչքը Մարս կդառնա միջազգային, այլ ոչ թե ամերիկյան ծրագիր: Այս մասին ասել է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) ղեկավար Չառլզ Բոլդենը:
Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է «ճամփորդության, որին մենք (այսինքն՝ NASA-ն) կմեկնենք արդյունաբերության, գիտական շրջանակների, ոչ առեւտրային կազմակերպությունների եւ մեր մոլորակի այլ տիեզերական գերատեսչությունների գործընկերների հետ մեկտեղ»: Եթե Լուսնի վրա ամերիկացիներն իջան «ինքնուրույնաբար», ապա «այդ կերպ չի լինի, երբ 2030-ական թվականներին մեր աստղագնացները Մարս հասնեն»,- հայտարարել է Բոլդենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում:
Ինչպես նշել է NASA-ի ղեկավարը, «իմաստ չունի, որ երկիրը միայնակ ստեղծի յուրաքանչյուր (գիտական) գործիքը, արձակի յուրաքանչյուր արբանյակը կամ էլ կատարի յուրաքանչյուր գիտափորձը, նույնիսկ եթե դա հնարավոր լինի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: