«Ցեղասպանության հարցից շահույթ ստանալն ամոթալի է և անընդունելի». Քիմ Քարդաշյանի պատասխանը՝ The Wall Street Journal-ին
Հոլիվուդյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարություն է հրապարակել իր պաշտոնական կայքում, որում խստորեն դատապարտել է ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականում օրերս հակահայկական գովազդի հրապարակումը, որով ժխտվում էր Հայոց ցեղասպանությունը:
«Իմ ընտանիքին և ինձ խորթ չէ մամուլում հայտնվող աղբը: Մենք սովորել ենք դա անտեսել: Ստերը լավ վերնագրեր են ծնում, լավ վերնագրերը` լավ շապիկներ, իսկ լավ շապիկներով պարբերականները վաճառվում են: Սակայն երբ ես իմացա The Wall Street Journal-ի մի ամբողջ էջի վրա հրապարակված գովազդի մասին, որը ժխտում էր Հայոց ցեղասպանությունը, ես չկարողացա դա անտեսել:
Գովազդի համար վճարել էր մի թուրքական կազմակերպություն, որի կայքը չեմ նշի` նրանց համար հաճախելիություն չապահովելու համար, սակայն այնտեղ ասվում է, թե շատ մարդ չի մահացել, ինչպես ասում են պատմաբանները, և հենց հայերին է պետք մեղադրել:
The Wall Street Journal-ի կողմից նման հրապարակումն անհեթեթ է, տխրեցնող և վտանգավոր: Մի բան է, երբ նման սկանդալից փորձում է շահույթ ստանալ որևէ էժանագին տաբլոիդ, սակայն The Wall Street Journal-ի նման հարգված պարբերականի կողմից ցեղասպանության հարցից շահույթ ստանալն ամոթալի է և անընդունելի: Ինչո՞ւ ենք ամեն անգամ մենք մեկ քայլ առաջ և երկու քայլ հետ անում»,- նշել է Քարդաշյանը:
Նա ընդգծել է, որ ի պատասխան The Wall Street Journal-ին արված հարցադրմանը, թե ինչու է պարբերականը նման բան տեղադրել, լրատվամիջոցից ասել էին, որ իրենք ընդունում են «գովազդների լայն տեսականի, այդ թվում և այնպիսինները, որոնք սադրիչ տեսակետներ են պարունակում», և որ այդ գովազդներ բովանդակության համար իրենք պատասխանատու չեն:
«Գովազդելով ցեղասպանության ժխտումն այն երկրի կողմից, որը պատասխանատու է դրա համար` ամենևին էլ «սադրիչ տեսակետ» հրապարկել չէ, դա սուտ տարածել է: Դա բացարձակապես բարոյապես անընդունելի է և մեծապես վտանգավոր: Եթե դա լիներ գովազդ, որը ժխտեր Հոլոքոստը, կամ 9/11-ը վիճարկող դրույթ առաջ տաներ, դա կհրապարակվե՞ր:
Շատ պատմաբաններ հավատում են, որ եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկվեր Հայոց ցեղասպանության համար և դատապարտվեր, Հոլոքոստը կարող է և չպատահեր: 1939 թվականին նացիստների կողմից Լեհաստան մտնելուց մեկ շաբաթ առաջ Հիտլերն ասել է . «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: Մե՛նք: Եվ մենք պետք է խոսենք դրա մասին, քանի դեռ այն չի ճանաչել մեր կառավարությունը, քանի որ երբ մենք ժխտում ենք մեր անցյալը, դրանով վտանգում ենք մեր ապագան: Երբ թույլ ենք տալիս, որ մեզ փողի, վախի և ուժի միջոցով լռեցնեն, դրանով մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, որ ճշմարտությունն անկարևոր է: Մենք պետք է պատասխանատու լինենք, թե ինչ ուղերձ ենք փոխանցում մեր երեխաներին: Մենք պետք է հարգենք մեր պատմության ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ` պաշտպանելու համար ապագան: Մենք պետք է ավելին անենք»,- եզրափակել է Քիմը: