«ԵՄ-ի բացակայությունը Մինսկի խմբից այլևս անընդունելի է». Դենիս Սեմութ
«Եթե կողմերն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ ներգրավվածության կարիքը, նրանք այդ մասին պետք է բարձրաձայնեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութը՝ գնահատելով Արևմուտքի դիրքորոշումը ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և անդրադառնալով պնդումներին, թե ԱՄՆ-ը ու ԵՄ-ն պասիվ գտնվեցին` հակամարտության կարգավորման «ղեկը» հանձնելով Ռուսաստանին:
Սեմութն ասաց, որ և՛ Եվրոպական միությունում, և՛ ԱՄՆ-ում կա ճգնաժամից և հակամարտություններից հոգնածության որոշակի մակարդակ, քանի որ աշխարհի տարբեր հատվածներում, հատկապես Եվրոպայի շուրջ, անկայունության տարբեր օջախներ կան: Ուստի, բրիտանացի վերլուծաբանի կարծիքով, ավելի շատ ուշադրություն պետք է ուղղվի ղարաբաղյան հակամարտությանը, քան եղել է:
«Այն միտքը, որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմը, և դա բավարար է ամենաքիչը հակամարտությունը զսպելու համար, ինձ համար մշտապես թյուր է եղել: Դրա վառ ապացույցը վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցածն է: Բայց սա չի նշանակում, որ Ռուսաստանի ձեռքերին ազատություն է տրվել սեփական «սցենարն» առաջ մղելու համար»,- նման տեսակետ հայտնեց Դենիս Սեմութը:
Նա նշեց, որ Եվրոպական միությունն ամենակարևոր քաղաքական և տնտեսական կազմակերպությունն է եվրոպական մայրցամաքում, ուստի նրա բացակայությունը Մինսկի խմբից, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, այլևս անընդունելի է:
«ԵՄ-ն նաև ամենակարևոր գործընկերն է քաղաքացիական հասարակության համար ողջ Հարավային Կովկասում: Քանի որ հասարակական փոփոխությունները ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորման առանցքային բաղադրիչն են, ԵՄ-ն իր դերակատարությունը կարող է խաղալ, որը չի կարող փոխարինվել մեկ ուրիշով, նույնիսկ՝ ողջ Ռուսաստանով: Բայց եթե հակամարտության կողմերը ցանկանում են, որպեսզի ԵՄ-ն խաղա ավելի ակտիվ դեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, նրանք այդ մասին պետք է բարձրաձայնեն:
Ես Ձեզ ուղիղ հարց եմ ուղղում` Դուք լսե՞լ եք Ձեր նախագահից կամ ԱԳ նախարարից, որ նրանք ասեն, թե ԵՄ-ն ավելի ակտիվ դերակատարություն պետք է ստանձնի կարգավորման գործընթացում: Նրանք պետք է ասեն: Եթե երկու կողմերն էլ ցանկանում են, որպեսզի ԵՄ-ն ավելի ակտիվ լինի հակամարտության կարգավորմանն աջակցելու գործընթացում, ապա նրանք դա պետք է ասեն հստակորեն, և այդ դեպքում, ես կասկած չունեմ, որ ԵՄ-ի պատասխանը դրական կլինի: Ինչպես ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մի քանի օր առաջ Եվրոպական խորհրդարանում ասաց, ԵՄ-ն պատրաստ է ներգրավվել, եթե կա դրա անհրաժեշտությունը»,- նշեց Դենիս Սեմութը:
Հարցազրույցն ամբողջությամբ` «168 Ժամ» թերթի վաղվա համարում: