«Պաշտոնյաներին չեն հեռացնում միայն մեղքերի համար». Է. Շարմազանով
«Հանրապետության նախագահի ցանկացած որոշում ինքնանպատակ չի, ունի նպատակներ, պատճառներ և հետևանքներ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՊՆ փոխնախարարի և 2 գեներալների պաշտոնանկությունը իրավիճակ կփոխի՞ բանակում: Նա հրաժարվեց մեկնաբանել ուժային կառույցների և ՀՀ նախագահի հրամանագրերը. «Այդտեղ մեկնաբանելու կարիք չկա, ամեն ինչ շատ պարզ է, ՀՀ նախագահը` որպես գերագույն գլխավոր հրամանատար, նման որոշում է կայացրել, ուրեմն դրա համար հիմքեր կան»:
Մեր հարցին, որ, եթե պաշտոնանկ են արվել, ուրեմն ինչ-որ հարցում մեղավոր են, արդյոք պատասխանատվության կենթարկվե՞ն, Է.Շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ ուզում հեռուն գնալ, ես չեմ կարող ասել` մեղավո՞ր են, թե՞ մեղավոր չեն: Պաշտոնյաներին չեն հեռացնում միայն մեղքերի համար, հեռացնում են ոչ արդյունավետ աշխատանքի համար, միգուցե այլ աշխատանքի տեղափոխելու համար: Այսինքն` ես չեմ ուզում միանգամից գնահատական տալ` մեղք ունեն, մեղավորության համար է: Սա ՊՆ-ի, ուժային կառույցների, գլխավոր հրամանատարի ղեկավարած կառույցների, Ազգային անվտանգության խորհրդի խնդիրն է, որի մեջ ես չկամ»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվել են պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը և զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը։