«Մոսկվան Ղարաբաղում դժվար իրավիճակում է հայտնվել»
«Համաձայն եմ՝ Ղարաբաղում պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ղարաբաղյան գոտում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին ու այդ ֆոնին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կատարած այցին Երևան, ապա՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բլումբերգին» տված հարցազրույցին։
Հիշեցնենք, որ Լավրովը Երևանում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Եվ, ըստ նրա, 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրի կատարումն ու պահպանումն առաջնահերթություն է։ Ռուս նախարարի որակմամբ, դրանք անժամկետ են, ուստի պետք է պահպանվեն։ «Ներկայումս հարգելով հրադադարի պայմանագրերը՝ պետք է անել հնարավորինը, որպեսզի գործնական հիմքի վրա դրվեն փոխադարձ վստահության, անվտանգության ապահովման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ առաջարկները, որոնք համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ռուսաստանի միջնորդությամբ 2011թ., և որոնց կյանքի կոչման ուղղությամբ աշխատել է ԵԱՀԿ-ն»,- նշել էր Լավրովը։
Նաև հավելել էր, որ ՌԴ միջնորդությամբ վերջին տարիներին քայլեր են մշակվել՝ վստահության, անվտանգության միջոցներ, մեխանիզմներ։ Ըստ նրա՝ 5 տարի առաջ ԵԱՀԿ-ն ճանապարհային քարտեզ էր պատրաստել, թե ինչպես է պետք շարժվել այդ ուղղությամբ գործնականում։ Իր հերթին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ամերիկյան Bloomberg մեդիա ընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահի, և, որ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցությունների հեռանկարը մեծ չէ։ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար «խելամիտ» չի լինի վերադառնալ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այսօր բոլորովին այլ է».
«Մինչ մենք բանակցություններ կվարենք, զինվորականներն այստեղ մարտական գործողություններ կծավալեն՝ փորձելով լուծել հակամարտությունը»։ Թեև հրադադարի շուրջ բանակցությունները Մոսկվայում անցնում էին ՌԴ Զինուժի Գլխավոր շտաբի պետի միջնորդությամբ, ռուս խաղաղապահները, ըստ Սարգսյանի, անելիք չունեն հակամարտության գոտում։ Նշելով, որ նախկինում բանակցությունների ընթացքում ռուսական ուժերի տեղակայման շուրջ խոսակցություններն «անհիմն չէին»՝ Հայաստանի նախագահն ասել է. «Այսօր ես նման հնարավորություն չեմ տեսնում»։ «Եթե բանակցություններ չեն վարվում, ինչպե՞ս կարող են ռուսաստանյան ուժերը հայտնվել Ղարաբաղում կամ ադրբեջանական և ղարաբաղյան ուժերի միջև»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Պավել Ֆելգենգաուերը նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնամասշտաբ գործողությունների վտանգը չի վերացել, քանի որ հակամարտության քաղաքական խնդիրները լուծված չեն, կողմերը պատրաստ չեն զիջումների, հակամարտության կողմ հանդիսացող երկրներում կան քաղաքական մի շարք ներքին խնդիրներ, Արևմուտք-ՌԴ լարվածություն ևս կա, թեև դա մեղմվել է Ջոն Քերիի Մոսկվա կատարած այցից հետո։ Ըստ նրա, Մոսկվան լինելով հակամարտության ամենաակտիվ միջնորդներից մեկը՝ նպատակ ունի այս պահին մեղմել կողմերի ջանքերի շնորհիվ մեծացած վտանգը, քանի որ Ռուսաստանին ներկայումս նման լարվածություն, առավել ևս՝ պատերազմ Կովկասում պետք չէ։
«Համաձայն չեմ Հայաստանում շրջանառվող այն կարծիքների հետ, թե Մոսկվան է հրահրել։ Այո, Մոսկվան զենք է վաճառել, որի պահանջարկը եղել է, Մոսկվան պահել է կողմերի միջև հավասարակշռությունը, միանշանակ է նաև այն, որ եթե կա զենքի պահանջարկ, այն գնվում է, ապա նաև օգտագործվում է, Մոսկվան ցանկացել է պահպանել իր ազդեցությունը, առանց այդ ազդեցության պահպանման, զենք գնվելու էր այս հակամարտության գոտում և օգտագործվելու։ Տպավորություն ունեմ նաև, որ Մոսկվան և Արևմուտքն այսօր համաձայնեցված են գործում, քանի որ Սերգեյ Լավրովն իր խոսքում բազմիցս հղում կատարեց ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության անելիք քայլերին, ինչը կարևոր էր։ Այս դեպքում, կարծում եմ, որ իր ազդեցությունն ունեցավ նավթի լուրջ գնանկումը, իսկ Հայաստանում՝ ներքաղաքական զարգացումները։
Մոսկվան խնդիր ունի մեղմել պատերազմի սպառնալիքը, ու կարծում եմ՝ այս փուլում դա դեռ չի հաջողվում՝ դատելով Սերգեյ Լավրովի երևանյան այցից ու դրա ընթացքում հնչած հայտարարություններից»,- նման տեսակետ հայտնեց Պավել Ֆելգենգաուերը։
Վերջինիս դիտարկումներով՝ Մոսկվան կրկին բանակցային սեղան է փորձում բերել Կազանի փաստաթուղթը, որն ադրբեջանական կողմը տապալել էր՝ իր շուրջ մեկ տասնյակ փոփոխությունների առաջարկով։ Սա, ըստ Ֆելգենգաուերի, փորձ է արվելու համատեղել 1994-1995թթ. պայմանագրերի հետ, քանի որ, ըստ էության, այդ պայմանագրերը հակամարտության բոլոր կարևոր բաղադրիչներին անդրադառնում են։ «Այս պահին հակամարտող կողմերին անհրաժեշտ է զրուցել, Ռուսաստանը փորձում է ապահովել այդ կապը։
Տեղեկություններ կային, որ ռուսական կողմը պատրաստվում է նախագահական հանդիպում կազմակերպել, սակայն, կարծես այդ հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ հայկական կողմը փորձում է մինչ դա որոշ զիջումներ կորզել հարձակվող կողմից, ճնշումներ բանեցնել։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս պահին պատերազմական գործողությունների վտանգը շարունակվում է, քանի որ չի հաջողվում կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ, քանի որ Ադրբեջանի հանկարծակի հարձակումը, ինչպես պնդում է հայկական կողմը, հարված է հասցրել բանակցային գործընթացին՝ փոխելով իրերի դրությունը։ Հայաստանը կոշտ դիրքորոշում է ստանձնել, Ադրբեջանը կարծես ևս, իսկ պատերազմը ձեռնտու չէ Մոսկվային, և Մոսկվան դժվար իրավիճակում է հայտնվել»,- ասաց Ֆելգենգաուերը։
Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի մասին, ռուս վերլուծաբանն ասաց, որ, փաստորեն, Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման սխեմաներ չեն քննարկվել բանակցությունների ընթացքում, նույնիսկ եռակողմ բանակցությունների ընթացքում։ «Եթե Սերժ Սարգսյանը նշում է, որ ռուսաստանյան ուժերը չեն կարող հայտնվել Ղարաբաղում, նշանակում է, որ նման առաջարկ չի եղել, կամ էլ, եթե նույնիսկ եղել է, մերժվել է կողմերի կողմից, կամ կմերժվի, թեև նման առաջարկների մասին հակամարտության ողջ պատմության ընթացքում խոսվել է։ Սակայն այսօր, որքան ես հասկացա հարցազրույցից, խաղաղապահների թեման կարող է քննարկվել միայն համաձայնագրի կնքումից հետո։ Այնուամենայնիվ, Մոսկվայի մոտ այս տարիների ընթացքում եղել է նման ցանկություն, բայց Ադրբեջանի դիմադրության պատճառով դա տեղի չունեցավ 1990-ական թթ., իսկ այսօր չկա նման առաջարկ»,- ասաց Ֆելգենգաուերը։