
The New York Times-ի լրագրող Ռուկմինի Կալիմակին կստանա ICFJ/Aurora համատեղ մրցանակը

100 LIVES նախաձեռնությունը և Ժուռնալիստների միջազգային կենտրոնը (International Center for Journalism, ICFJ) հայտարարել են, որ ICFJ/Aurora-ի «Սկզբունքային լուսաբանում» համատեղ մրցանակի առաջին դափնեկիրը The New York Times թերթի լրագրող Ռուկմինի Կալիմակին (Rukmini Callimachi) է:
Մրցանակը լրագրողը կստանա ապրիլի 24-ին Երևանում՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում:
Հիշեցնենք, որ «Սկզբունքային լուսաբանում» մրցանակը շնորհվում է այն խիզախներին, ովքեր լուսաբանում են աշխարհում տեղի ունեցող աղետներն ու ոճրագործությունները:
Ռուկմինի Կալիմակին աշխարհին պատմել է ահաբեկչական ISIS խմբավորման ստեղծած սեռական ստրկության անմարդկային համակարգի մասին:
Նա նաև հետաքննել է շվեյցարական բանկերի և Սենեգալի ոսկու հանքերում երեխաների շահագործման միջև եղած կապը, աֆրիկյան մի շարք երկրներում մարդկանց զանգվածային սպանությունների դեպքերը: