
Օբաման կոչ է անում Գերմանիային զսպել Ռուսաստանին. Der Spiegel

ԱՄՆ-ը ցանկանում է, որ Գերմանիան ակտիվորեն մասնակցի Ռուսաստանի ռազմական զսպմանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համապատասխան կոչով դիմելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Հաննովերում ապրիլի 25-ին կայանալիք մինի գագաթաժողովի ժամանակ, հայտնում է Der Spiegel-ը՝ հղում կատարելով Գերմանիայի կառավարության՝ իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթին:
Բացի Օբամայից ու Մերկելից՝ հանդիպմանը մասնակցելու են նաև Մեծ Բրիտանիայի և Իտալիայի վարչապետեր Դևիդ Քեմերոնը և Մատեո Ռենցին, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Փաստաթղթի համաձայն, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ, ԱՄՆ-ը պնդում է, որ բունդեսվերը ավելի լայնորեն մասնակցի ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների ռոտացիային, որը տեղակայվելու է դաշինքի արևելյան ճակատում՝ Բալթյան երկրներում, Լեհաստանում, Ռումինիայում:
Ընդ որում՝ Վաշինգտոնում հույս ունեն, որ Գերմանիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, այդ նպատակով կտրամադրեն իրենց զինվորներին ու ռազմական տեխնիկան, նշում է Der Spiegel-ը: