«Ես իսկապես կարծում եմ՝ մենք կարող ենք աշխարհում ինչ-որ բան փոխել». Ռուբեն Վարդանյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել են«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության շրջանակում կազմակերպված Aurora Dialogues քննարկումները, որի ընթացքում մտքեր ու կարծիքներ են հնչում աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրների ու մարտահրավերներին դիմագրավելու լավագույն ուղիների ընտրության մասին:
Հիշեցնենք, որ AuroraPrize-ի ժյուրիի համանախագահ Ջորջ Քլունին երեկ ժամանել է Երևան: Երևան են ժամանել նաև «Ավրորայի» ընտրող հանձնաժողովի անդամներից ևս երկուսը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, փաստաբան Հինա Ջիլանին ու International Crisis Group-ի պատվավոր նախագահ և Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը: Վերջիններս մասնակցելու են «Ավրորա» մրցանակաբաշխությանն ու դրա շրջանակում իրականացվող մյուս միջոցառումներին:
Հայազգի գործարար, 100LIVES նախաձեռնության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր բացման խոսքում ողջունեց բոլոր ներկաներին: Նա նշեց, որ դեռևս երկու տարի առաջ, երբ իր մոտ առաջացել է նման մրցանակաբաշություն հիմնելու գաղափարը, այն անիրատեսական էր թվում. «Իսկ այսօր փաստ է, որ մենք բոլորս հավաքվել ենք միասին Հայաստանում: Մենք հավաքեցինք ցեղասպանությունից մազապուրծ եղածների, փրկվածների կյանքի պատմությունները՝ նրանց ընտանիքներից. նրանք պատմում էին, թե ինչպես են Ցեղասպանությունը վերապրել իրեն ընտանիքները»:
Ռ. Վարդանյանի խոսքով՝ ազդեցիկ է ոչ միայն այդ մարդկանց հետ 100 տարի առաջ տեղի ունեցածը, այլև այն, թե ինչ ճակատագրերի են նրանք այսօր արժանացել: Դժբախտաբար, շատ փաստաթողթեր չեն պահվանվել այս 100 տարիների ընթացքում, բայց մրցանակաբաշխության կազմակերպիչները փորձել են հնարավորինս շատ փաստեր գտնել աշխարհի տարբեր անկյուններից:
Ռ. Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ իրենք հատուկ հիմնադրամ ենք բացել Սիրիայից փախստական այն ընտանիքների երեխաների համար, ովքեր տուժել են այս ընթացքում, և այնպես են անելու, որ նրանք աշխարհի լավագույն կրթական հաստատություններում սովորեն:
«Մենք փորձում ենք պահպանել և հիշել մեր պատմությունը, փորձում ենք օգնել նրանց, ովքեր հիմա դժվարություններ ունեն, և մենք փորձում ենք խոսել մեր ապագայի մասին: Aurora Dialogues-ը այս իրադարձության կարևոր մասն է, որի շրջանակներում մենք՝ տարբեր երկրների ներկայացուցիչներս, փորձելու ենք ներկայացնել՝ ինչպես կարող ենք ինչ-որ բան անել, և ես իսկապես կարծում եմ՝ մենք կարող ենք աշխարհում ինչ-որ բան փոխել»,-հայտարարեց Ռ. Վարդանյանը: