Չեմ կարծում՝ մեր սպառազինության վիճակն այնպիսին է, որ պիտի ամեն ինչ ծախենք, որ զենք գնենք. Գալուստ Սահակյան. «ՀԺ»
«Ես չեմ կարծում, որ մեր սպառազինության վիճակն այնպիսին է, որ պիտի ամեն ինչ ծախենք, որ զենք գնենք։ Ժողովրդի մի մասը վատ է ապրում և մտածում է, որ իր վատ ապրելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչ-որ չինովնիկ մեքենա կամ գարաժ ունի։ Այսինքն, եթե ժողովրդին լսելու լինենք, այդ բոլորը պիտի վերացնենք»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանում անհրաժեշտ է կրճատել ծառայողական շքեղ մեքենաներին հատկացվող գումարը։
Հիշեցնենք, որ Հայաստանում պետական չինովնիկներին սպասարկում են մոտ 1000 ծառայողական մեքենաներ, որոնց մի մասը շքեղ ու թանկարժեք են, որոնց համար բյուջեից մեծ գումարներ են հատկացվել։ Համեմատելու համար նշենք, որ Մեծ Բրիտանիայում ծառայողական մեքենաների թիվն ընդամենը 190 է, իսկ Դանիայում 23։ Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ Հայաստանում ծառայողական մեքենաները շատ են ու շքեղ են, և դրանց քանակն ու հատկացվող սպասարկման վճարն անհրաժեշտ է կրճատել ու այն ուղղել, օրինակ, բանակի ծախսերին։ «Դրանք այն թիվը չեն, որ կարողանան բանակ զինել։ Եթե բանակը խնդիր ունի, այն կլուծվի, և չեմ կարծում, որ դրա համար պետք է վաճառել ծառայողական մեքենաները»,– չհամաձայնեց Ազգային ժողովի նախագահը»: