«Քաղաքականության մեջ կանայք միշտ ավելի հանգիստ, հավասարակշռված են գործում, իսկ տղամարդիկ՝ թևները քշտած, արմունկներով աջ ու ձախ հրելով՝ ընկնում են առաջ»
«Չեմ կարող դրական չհամարել, որ խորհրդարանի առնվազն մեկ քառորդը պետք է լինի կին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ընտրական օրենսգրքի նոր նախագծով ավելացվում է խորհրդարանում կանանց թիվը: Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԸՕ նախագծի քննակման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ցուցակների 25%-ը պետք է լինի կին՝ հավասարաչափ բաշխված, այսինքն` յուրաքանչյուր քառյակի մեջ մեկը պետք է կին լինի:
Ա. Բախշյանը, սակայն, կասկածներ ունի, որ, միևնույն է՝ դա չի իրականանա. «Լավ գիտենք, որ բացի «Ժառանգությունից»՝ բոլոր խորհրդարանական կուսակցությունները սկզբից կանանց ներգրավում են ցուցակի մեջ, հետո այդ կանայք հրաժարականի դիմում են գրում, և հետո տղամարդիկ են գալիս: Դա շատ արհեստական է»:
Ա. Բախշյանի կարծիքով՝ քաղաքականության մեջ կանայք միշտ ավելի հանգիստ, ավելի հավասարակշռված են գործում, իսկ տղամարդիկ՝ «թևները քշտած, արմունկներով աջ ու ձախ հրելով՝ ընկնում են առաջ»: Ըստ նրա՝ բոլոր կանայք չէ, որ դիմանում են այդ «կոշտ» պայքարին ու դուրս են գալիս՝ զիջելով իրենց տեղը. «Տղամարդիկ պետք է ջենթլմեն լինեն, քանի դեռ տղամարդիկ ջենթլմեն չեն, հատկապես՝ քաղաքականության մեջ, կանանց շատ դժվար է լինելու, ինչքան էլ ուզում են օրենքում գրեն՝ 50 տոկոս, ես չեմ վստահում օրենքին»:
Մեր զրուցակցի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պետք է հարգի օրենքի պահանջը: Նա կարծում է՝ որքան կանայք շատ լինեն, այնքան խորհրդարանն ավելի մոտ կլինի հասարակության մոդելին, որովհետև, նրա խոսքով, մեր հասարակության մեջ կանայք ավելի մեծ թիվ են կազմում, քան տղամարդիկ:
Մեր այն հարցին, թե՝ Դուք բացասական միտում չե՞ք նկատում այդ փոփոխության մեջ, և արդյոք խոչընդոտ չի՞ առաջանա այն կուսակցություննների համար, որոնց շարքերում շատ կին գործիչներ չկան, Ա. Բախշյանն այսպես պատասխանեց. «Ամեն մի կուսակցություն, որը ձգտում է իշխանության, էն գլխից պետք է իմանա, որ իր ցուցակում պետք է լինեն կանայք, և պետք է իր շարքերում ներգրավի կանանց, ովքեր կարող են, վճռական են, սկզբունքային են, կրթված են և կարող են խորհրդարանում գործ անել: Իրենք այդպիսիներին պետք է ներգրավեն, ոչ թե՝ տնային տնտեսուհիներին կամ իրենց «հավատարիմ կանանց»: Այսինքն՝ արժանի կանանց պետք է ներգրավեն, իսկ նրանց թիվը շատ է, այսօր Հայաստանում ավելի շատ նման կանայք կան, քան տղամարդիկ»: