Եկող խորհրդարանն ընդհանրապես խորհրդարանի նման չի լինելու

Այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցադրում արեց, թե որքա՞ն է կազմում գումարը, որն անհրաժեշտ է, որպեսզի բոլոր ընտրողները մեկ փաստաթղթով մասնակցեն քվեարկությանը, ինչո՞ւ է իշխանությունը հրաժարվում, որ ընտրատեղամասերից ուղիղ եթեր հեռարձակվի: «Եկող խորհրդարանն ընդհանրապես խորհրդարանի նման չի լինելու»,- ասաց Զ.Փոստանջյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այսօր յուրաքանչյուր նույնականացման քարտի համար անհրաժեշտ է 3000 դրամ, պետք է բազմապատկել 2 մլն բնակչության թվով, որոնց մի մասը բացակայում է, և շատ մոտավոր այդ թիվը կկազմի 7-8 մլն դոլար, գումարած սարքավորումների գինը` 5-6 մլն, որպեսզի տրամադրումը մասսայական արվի: Դ.Հարությունյանը նշեց, որ տեսանկարահանումների հեռարձակման վատ որակի դեպքում խնդիր չկա, բայց, եթե որակը բարձրացվում է, տրաֆիկը կտրուկ ավելանում է, և, եթե դրա պատճառով խափանումներ լինեն, դա հավելյալ կասկած կհարուցի, առավել ևս, որ 2000 տեղամասում 5 տեսախցիկով ոչ ոք չի ուզենալու հետևել:

Այդ պատճառով, ըստ նրա, ավելի հեշտ է, որ առանց հեռարձակման նկարահանվեն ընտրատեղամասերը, կասկածի դեպքում տրամադրվի և ստուգվի կոնկրետ ընտրատեղամասի տեանյութը: «Բաց քվեարկությունը մեծամասնականին նման չէ: Ինչքան խոշորացնում եք տարածքը, այնքան հեռու ենք գնում մեծամասնականի գաղափարից»,- ասաց Դ.Հարությունյանը: Զ.Փոստանջյանն օրինակ բերեց, որ, եթե Երևանի 4 ընտրատեղամասերից մեկում, ենթադրենք, Արաբկիր-Աջափնյակ-Դավիթաշենում «ՍԱՍ-ի Արտակը» և մյուս մականունավորներն առաջադրեն իրենց թեկնածությունը, քաղաքական հատվածը, որին պատկանում է նաև Դավիթ Հարությունյանը, հետ է մնալու, որովհետև չունեն գործարաններ, և այլն, այսինքն` տնտեսական լծակներ, որպեսզի ընտրողներին բերեն տեղամասեր:

Ըստ Զ.Փոստանջյանի` միանշանակ փակ ցուցակ պետք է լինի, որը գործել է նաև Իսրայելում, և դա քաղաքական համակարգի զարգացման լավագույն ձևն է: «Փակ ցուցակն աճպարարություն է»,- հակադարձեց Դ.Հարությունյանը` հավելելով, որ կան շատ գործիչներ` դասական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կապերով, բայց այնպես չէ, որ մարդը գալու է և ձայնը տալու է նրան, որն ունի գործարան: Նա վստահեցրեց, որ նոր ԸՕ-ով առաջարկվող համակարգը փակում է կեղծելու բոլոր մեխանիզմները:

Պետաիրավական հանձնաժողովի նիստում որոշվեց Ընտրական օրենսգրքի նախագիծը ներառել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Կողմ քվեարկեցին 6 պատգամավորներ, դեմ` 4, ձեռնպահ չկար: ԸՕ նախագծին դեմ քվեարկեցին Էդմոն Մարուքյանը, Զարուհի Փոստանջյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Հովհաննես Մարգարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս