«Թուրքական վերնախավում ցեղասպան մտածողությունը շարունակում է դոմինանտ լինել». թուրքագետ

«Պահանջատիրության առումով մեր քայլերը դեռ ցանկալիից շատ հեռու են և երբեմն նաև դանդաղ են»,- այսօր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց. դիտարկումներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ երևի մենք առաջնորդվում ենք «Լավ է ուշ, քան երբեք» կարգախոսով: Նա կարծում է, որ, թեկուզ ուշացած, բայց այդ քայլերը կենսական են, պարտադիր են՝ մշակել այն իրավաքաղաքական փաթեթը, որը մեզ հիմք կտա պահանջատիրության տարբեր ասպեկտները լուծելու համար՝ դրանք լինեն մշակութային, տարածքային, ֆինանսական և այլն: Ռ. Մելքոնյանը կարծում է և վստահ է, որ այն փաթեթը, որ մշակվել է Հայաստանում, պատասխան կտա տարբեր հարցերի, քանի որ, նրա խոսքով՝ այդ փաթեթում հարցերի բավականին լայն սպեկտր է ընդգրկված:

Անդրադառնալով անցյալ տարվա արդյունքներին՝ նա կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության խնդիրն առնվազն 2-3 ոլորտներում որոշակի առաջընթաց արձանագրեց: «Ուզում եմ խոսել համաշխարհային ճանաչման հետ կապված, ու որպես դրա կարևոր ցուցիչ՝ նկատել Հռոմի պապի ելույթը, ու դրանից հետո գործընթացը, որ կարծես աշխարհի բարոյականության առջև որոշակի քննություն լիներ: Այն պետություններն ու քաղաքական գործիչները, որոնք կարողացան այդ քննությունն անցնել, կարողացան ապացուցել, որ իրենք հարում են համամարդկային արժեքներին, իսկ այն պետությունները և քաղաքական գործիչները, որոնք լուռ կամ պասիվ մնացին, ապացուցեցին, որ համագործակցում են ցեղասպան մտածողության հետ»,- նշեց թուրքագետը:

Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտումը, ուրացման քաղաքականությունը, որը, նրա կարծիքով՝ նույնպես ցեղասպանական գործողություն է. «Անցյալ տարի Թուրքիան, համագործակցելով այդ ծայրահեղ իսլամական խմբավորման հետ, ի թիվ այլ իր նպատակների, նաև շարունակեց մշակութային եղեռնը, Դեր Զորի հայտնի հայկական եկեղեցին, որը նաև որոշակիորեն խորհրդանիշ էր, Թուրքիայի և «Իսլամական պետության» միասնական ջանքերով պայթեցվեց: Այսինքն՝ հակամարդկային եղեռնը, մշակութային եղեռնը երկու ուժերի կողմից շարունակվում է: Սա նաև ցույց է տալիս, որ թուրքական վերնախավում ցեղասպան մտածողությունը շարունակում է դոմինանտ լինել, և նրանց՝ եվրոպական չափանիշերին համապատասխան ելույթները զուտ իմիտացիոն բնույթ են կրում»:

Տեսանյութեր

Լրահոս