«Հուսով եմ, որ գոլ կխփեմ «Բավարիային» եզրափակչում, և մենք կնվաճենք Գերմանիայի Գավաթը». Հենրիխ Մխիթարյան
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչում «Հերտայի» դեմ անցկացրած խաղի արդյունքները (3:0):
«Իհարկե, մենք արժանի էինք հաղթանակի, քանի որ շատ լավ էինք խաղում: Չեմ կարող պատկերացնել, որ կարող էինք ավելի լավ խաղալ: 3:0 հաշիվը լավագույնն էր մեզ համար: Մենք արժանիորեն եզրափակիչ դուրս եկանք:
Խաղից հետո մենք հավաքվեցինք, քննարկեցինք հանդիպումը, հանգստացանք: 2 օրից մեզ ծանր խաղ է սպասվում «Շտուտգարտի» հետ: Պետք է պահպանել լավ տրամադրությունը և առաջ գնալ:
Հուսով եմ՝ այս անգամ կհաջողվի նվաճել գավաթը: Նախորդ 2 տարիներին մեզ չհաջողվեց հաղթել եզրափակչում: Բայց այս անգամ կանենք ամեն ինչ, որպեսզի ստացվի, չէ՞ որ Աստված երրորդություն է սիրում:
Հուսով եմ, գոլ կխփեմ նաև «Բավարիային» եզրափակիչ խաղում: Կարևոր է յուրաքանչյուր խաղում գոլ խփել և հաճելի է հաղթել յուրաքանչյուր խաղում, այդ թվում՝ նաև եզրափակչում: Այնպես որ, կանենք ամեն ինչ, որպեսզի լավ խաղանք և հաղթենք»,- ասել է Մխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյանը խփած 5 գնդակներով գլխավորում է Գերմանիայի Գավաթի ռմբարկուների մրցավազքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը