«Մենք ոչ թե 4 միավորով բարելավել ենք մեր տեղը, այլ ուղղակի մի քիչ առաջ ենք գնացել այլ երկրների ցանկում». Բորիս Նավասարդյան
Ինչպես հայտնի է, երեկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2016 թվականի մամուլի ազատության համաշխարհային աղյուսակը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ 2015 թվականի տվյալներով՝ Հայաստանը 78-րդ հորիզոնականում էր:
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի գնահատմամբ՝ մենք ոչ թե 4 միավորով բարելավել ենք մեր տեղը, այլ ուղղակի մի քիչ առաջ ենք գնացել այլ երկրների ցանկում, որը դեռ չի նշանակում, որ Հայաստանում լրատվամիջոցների ազատության առումով իրավիճակը բարելավվել է: Այսօրվա ասուլիսի ժամանակ նա կարծիք հայտնեց՝ սա նշանակում է, որ այլ երկրներում է ավելի բարդացել իրավիճակը, և դրա պատճառով Հայաստանը շրջանցել է այդ երկրներից ոմանց, որոնք ավելի բացասական զարգացումներ են ունեցել իրենց մոտ:
Նա նշեց, որ խոսքի ազատության առումով Հայաստանում շատ խնդիրներ դեռևս պահպանվում են: «Առաջին հերթին խոսքը վերաբերվում է թվայնացման գործընթացին և հիմնական զարգացումը դրա հետ կապված 2015 թվականին այն է, որ դեկտեմբերին ընդունվեցին փոփոխությունները հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում, որոնք հենց կապ ունեին անմիջական թվայնացման գործընթացի հետ, և այստեղ մենք և այլ հ/կ-ներ, արաձանագրել ենք բավավանին լուրջ մարտահրավերներ: Այն կարագավորումները, որոնք ենթադրվում են փոփոխված օրենքում, բարենպաստ պայմաններ են ստեղծում խոշոր մենաշնորհների համար նաև այս ոլորտում: Այս ինդուստրիայում աշխատող փոքր և միջին ձեռնարկությունները, փաստորեն, հնարավորություն չունեն որևէ նախաձեռնողականությամբ հանդես գալու»:
Երկրորդ մարտահրավերը, ըստ Բ. Նավասարդյանի, անպատժելիության ավելի ակնհայտ դրսևորումն է այն անձանց, որոնք խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությանը, այդ թվում՝ նաև կիրառելով բռնություններ. «Խոսքն առաջհին հերթին վերաբերում է 2015 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցած իրադարձություններին՝ «էլեկտրիկ Երևանի» բողոքի ցույցերի ընթացքում, երբ բացի ցուցարարներից, բռնության են ենթարկվել նաև 20-ից ավել լրագրողներ: Հետագա հետաքննությունն այդ միջադեպերի ցույց է տալիս, որ չկա որևէ կամք մինչև վերջ այդ միջադեպերը հետաքննելու և պատժելու մեղավորներին: Այդպիսի լկտի ձևով արհամարհել լրագրողների իրավուքները, ինչպես եղել է հունիսի 23-ի դեպքերի շրջանակներում, դա նույնիսկ մեզ համար անտարբեր անցնելու առիթ չէ»: