Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում քննարկվել է ԼՂ հակամարտությունը
ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ապրիլի 15-ին ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում «Կովկասի թեժ կետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում» խորագրով կազմակերպված քննարկմանը` նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային և տարածաշրջանինառնչվող խնդիրներին:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում է, որ ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների ընթացքը և դրա հետևանքները։ Նա ընդգծել է բանակցային սեղանի շուրջ որպես հավասար կողմ Արցախի վերադարձի կարևորությունն ու ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:
Քննարկմանը ելույթով հանդես է եկել նաև տարածաշրջանային փորձագետ Փիթեր Դեբինսը, ով 2005 թ. աշխատել է Ադրբեջանում որպես խորհրդատու պաշտպանության ոլորտում: Դեբինսը ներկայացրել է իր դիտարկումները կապված Ադրբեջանի էներգետիկ պաշարների, երկրի բարդ տնտեսական իրադրության, ռազմական ոլորտի ծախսերի և սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ: Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին: Միջոցառմանը, որը կազմակերպել և վարում էր Global Research Center կազմակերպության հիմնադիր Վիլեն Խլղաթյանը, մասնակցել են հայ և օտարերկրյա դիվանագետներ, ինստիտուտի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ,ամերիկահայ համայնքի անդամներ: