«Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը փորձում է հաստատվել՝ որպես միջազգային իշխող ուժ»
«168 Ժամի» զրուցակիցն է Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգի Գերասիմչուկը
– Հետևե՞լ եք ԼՂ-ում ծավալված քառօրյա պատերազմին, որից հետո և՛ Երևանում, և՛ Բաքվում քննարկվում են այս լայնածավալ բռնկման պատճառները, պատվիրատուներին, թեև հարձակվողը, նախաձեռնողը հենց ադրբեջանական կողմն է եղել, շատ է քննարկվում հատկապես արտաքին դերակատարների մասնակցության հարցը։ Ոմանք կարծում են, որ սրանում մեծ է եղել հենց Մոսկվայի մասնակցությունը, իսկ ոմանք, որ սա անակնկալ էր ՌԴ-ի համար։ Ի՞նչ եք կարծում այս մասին՝ վերլուծելով վերջին տարիների մոսկովյան քաղաքականության ուղենիշերը։
– Եթե խոսենք հետսովետական տարածքում (ինչպես այդ տարածքը հաճախ անվանում են, թեև այդ տարածաշրջանը վաղուց փոփոխվել է և հանդիսանում է տարբեր տարածաշրջանների ու շահերի, առաջնահերթությունների հաղորդակցության գոտի) Ռուսաստանի ռազմավարության մասին, ապա Ռուսաստանի նպատակն է՝ տարածաշրջանը պահել՝ որպես մերձավոր արտասահման և սեփական առաջնահերթ հետաքրքրությունների գոտի։ Ռուսաստանի պահվածքն այս տարածաշրջանում դիտարկելիս՝ պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը փորձում է հաստատվել՝ որպես միջազգային իշխող ուժ։
Այս հարցը պետք է դիտարկել նաև այս պրիզմայից՝ Ռուսաստանի Դաշնությունն այսօր բավականին լարված հարաբերությունների մեջ է Արևմուտքի հետ, Ռուսաստանը նաև արևմտյան պատժամիջոցների տակ է Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու և Ուկրաինայի Արևելքում հակամարտություն հրահրելու համար։ Ուստի Ռուսաստանի Դաշնությունը փորձում է վերականգնել իր՝ «Մեծ ութնյակի» անդամության, ՆԱՏՕ-ՌԴ համագործակցության կարգավիճակը՝ արդեն սեփական պայմաններով։ Եվ ինձ թվում է, որ այն լարվածությունը, որը տեղի ունեցավ Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հրահրմամբ, նպատակ ուներ ցույց տալ Արևմուտքին, որ ինքը դեռևս իրավիճակի տերն է, կարողանում է ինչպես՝ սառեցնել հակամարտությունները, այնպես էլ՝ վերականգնել ստատուս-քվոն և վերականգնել հրադադարի ռեժիմը, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ միջազգային խնդիրները պետք է մեկը մյուսից առանձին դիտարկել։
Օրինակ՝ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումն անզիջում է, իսկ այլ գոտիներում Ռուսաստանը ցույց է տալիս, որ պատրաստ է կառուցողական դերը ստանձնել։ Իմ կարծիքով՝ որոշակի առումով Կովկասում տիրող իրավիճակը կապված է նաև Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում նշմարվող փոփոխությունների հնարավորության հետ։ Հայտնի է, որ հայտարարվել է՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդն է վերականգնելու իր աշխատանքները, որի մասին խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, քննարկումները գուցե սկսվեն հենց այս ամսվա ընթացքում, և կխոսվի, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի դեր մասին՝ Ուկրաինայում, Կովկասում և Սիրիայում։
Սա նաև նախապատրաստություն է հուլիս ամսին Վարշավայում կայանալիք գագաթաժողովին։ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ Վարշավայի գագաթաժողովը բավականին ելակետային միջոցառում է, որը կայանալու է Ռուսաստանի համար ոչ այնքան բարեկամական երկրում։ Թեև ՆԱՏՕ-ի որոշումները կոնսենսուսով են կայացվում, երկրները, որոնք ընդունելու են գագաթաժողովը, ունենում են որոշակի ազդեցություն գագաթաժողովի օրակարգի և որոշումների կայացման վրա։
Ռուսաստանը շատ լավ է հասկանում, որ Վարշավան փորձելու է ճնշումներ բանեցնել ուկրաինական հարցում, ուստի փորձում է իր դիրքերն ամրացնել, որպեսզի հնարավոր լինի հակափաստարկներ ներկայացնել։ Այո, Ուկրաինայում կան խնդիրներ, Ռուսաստանը պատրաստ չէ զիջել իր դիրքերը, բայց միևնույն ժամանակ՝ կառուցողական է Սիրիայում, Կովկասում և պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ համատեղ պայքարել ահաբեկչության դեմ։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների երկու ձևաչափ է ձևավորվում, առաջինը, որի մասին բոլորը գիտեն, մրցակցություն Արևմուտքի հետ հետաքրքրությունների գոտիներում, երկրորդը՝ ՌԴ-ն պատրաստ է նաև համագործակցության Բրյուսելի և Վաշինգտոնի հետ։
– Այս պատերազմի օրերին տպավորություն ստեղծվեց, որ չկա մրցակցություն մեր տարածաշրջանում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, քանի որ եղավ ռուսական միջամտություն այդ չորս օրերի ընթացքում՝ ռուս պաշտոնատար անձանց ինտենսիվ այցեր Երևան և Բաքու, ապա՝ հրադադարի կնքում Մոսկվայում, իսկ Արևմուտքից՝ միայն հայտարարություններ խաղաղության մասին։ Մրցակցությունը որտե՞ղ է։
– Արևմտյան կառույցները, հատկապես՝ Եվրոպական միությունը, ինչպես բազմիցս ենք խոսել, սուր բյուրոկրատական կառույց է, որտեղ որոշումները կայացվում են բավականին երկար ընթացակարգերի միջոցով։ Դա շատ հստակ տեսել եք Ուկրաինայի օրինակի վրա, երբ Ռուսաստանն արդեն ակտիվ գործում էր, իսկ ԵՄ-ն դեռ իր խորը մտահոգությունն էր հայտնում։ Այս ամենն ինձ շատ հարազատ է։
Մինչ ԵՄ մեխանիզմները համաձայնեցվում և գործի են դրվում, ՌԴ-ն գործի է անցնում ակնթարթային արագությամբ, քանի որ որոշումները կայացնում է միայն մեկ մարդ, չկան ներիշխանական, ներքաղաքական քննարկումներ, իսկ արևմտյան երկրների իշխող էլիտաների միջև մրցակցություն կա, սա ևս այս հարցում էական դերակատարություն ունի։ Ես վստահ եմ, որ լարվածության հետագա ընթացքի դեպքում, Փառք Աստծո, որ պատերազմը չշարունակվեց, Արևմուտքն արձագանքելու էր, քանի որ ոչ մեկ անգամ եմ ասել, որ Արևմուտքին անհրաժեշտ չէ լարվածության ևս մեկ օջախ։ Արևմուտքը պետք է նաև հասկանա, որ մտահոգված է այլ հարցերով՝ փախստականների ճգնաժամ, սիրիական հակամարտություն, ահաբեկչություն, այո, Արևմուտքն ակնթարթորեն գործի չանցավ, դա է այդ կառույցների առանձնահատկությունը։ Այսինքն՝ մրցակցություն կա, բայց Արևմուտքը դրանում պարտվում է։
– Առաջին անգամ այս տարիների ընթացքում ՀՀ նախագահն ասաց, որ անհանգստացած է այն փաստից, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ լինելով ՀՀ ռազմավարական դաշնակիցը։ Այս քննադատությունը, ըստ Ձեզ, ինչպե՞ս կանդրադառնա Մոսկվայի քաղաքականության վրա։ Երևանում շատերը պահանջում են հայ-ռուսական հարաբերությունների վերանայում, պնդում են, որ այսպես չի կարելի շարունակել, որ Հայաստանը կախյալ է Ռուսաստանից, վերանայման ի՞նչ լծակներ եք Դուք տեսնում։
– Իհարկե, դժվար է պատասխանել։ Այդ հայտարարության փաստը միայն ողջունել կարելի է, քանի որ ակնհայտ է, որ հայտարարությունները եղբայրության, փոխօգնության, բարեկամության մասին՝ ստորադասվում են Ռուսաստանի աշխարհաքաղաքական առաջնորդություններին, շահերին ու բիզնեսին։ Հայաստանի իշխանական էլիտայի և ղեկավարության համար ստեղծված իրավիճակը հիանալի հնարավորություն է՝ փորձարկել Հայաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունեցող համագործակցության և մեխանիզմների արդյունավետությունը, խոսքը հատկապես ՀԱՊԿ-ին է վերաբերում։
Եթե այդ մեխանիզմները չաշխատեն, ապա ՀՀ իշխանությունները համապատասխան հետևություններ կանեն այդ հարաբերությունների վերաբերյալ, քանի որ Ռուսաստանի հետ համագործակցության համար տուժում է ՀՀ ինքնիշխանությունը և որոշակի ազատությունները, իսկ դրա փոխարեն՝ Հայաստանը ոչինչ չի ստանում։ Ինչ վերաբերում է այս քննադատություններին, ապա Ռուսաստանի քաղաքականության վրա ազդելը դժվար է նույնիսկ խոշոր խաղացողների համար։ Այնպես որ, Ձեր հարցի այդ մասին չեմ կարող դրական պատասխան տալ։
– Պարոն Գերասիմչուկ, եթե Հայաստանը հրաժարվի ռուսական պրոյեկտներից, ինչն այս օրերին Հայաստանում ինտենսիվ քննարկվում է, ինչը Ռուսաստանը կդիտարկի միանշանակ առճակատում Հայաստանի կողմից, Արևմուտքը պատրաստ կլինի՞, ըստ Ձեզ, համապատասխան աջակցություն ցուցաբերել Հայաստանին այն դեպքում, երբ նշում եք, որ այդ մեխանիզմները դանդաղ են գործի դրվում։ Այսինքն՝ ի՞նչ հնարավորություն կա հավասարակշռման։
– Այստեղ կրկին բախվում ենք արևմտյան կառույցների կառուցվածքին ու աշխատաոճին։ Հայաստանը հասել էր մեծ ձեռքբերումների Ասոցացման համաձայնագրի ստորագրման ճանապարհին, այդ գործընթացը միանգամից ու անակնկալ կերպով սառեցվեց, ներկայումս կա Եվրասիական տնտեսական միություն, Հայաստանը մասնակցում է այդ ձևաչափին, բայց անհրաժեշտ է հասկանալ, որքան էլ որ դա վատ է, ԵՄ-ում որոշումներն ակնթարթային չեն ընդունվում։ Իհարկե, միանգամից հանդես չի գա աջակցության պրոյեկտներով ԵՄ-ն, քանի որ Եվրոպական հանձնաժողովը, եվրոպացի փորձագետները մինչ դա պետք է մշակեն նոր քաղաքականություն, ռազմավարություն, իսկ դա ժամանակ է պահանջում։ Այո, իրավիճակը բավականին դժվար է, որպեսզի ճիշտ խորհուրդներ տամ։ Բայց հրաժարումն ինքնին հնարավոր է, բայց դժվար է ասել, որ միանգամից կոնկրետ աջակցություն կլինի Արևմուտքից։ Սա հակասական իրավիճակ է ստեղծում։