Առերեսվել են Վահան Շիրխանյանն ու վարդապետ Հայր Անտոն Թութունջյանը. ինչի՞ շուրջ են հակասություններ եղել
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող «հանցախմբի» գործով մեղադրյալներ, ՀՀ ՊՆ նախկին նախարար Վահան Շիրխանյանի և Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանի միջև օրերս առերեսում է տեղի ունեցել: Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ առերես հարցաքննությունը կատարվել է ցուցմունքներում առկա հակասությունների շուրջ:
«Հիմնականում կապված էին հանդիպումների վայրի, քանակի և անձանց շրջանակի հետ, թե ովքեր են ներկա եղել այդ հանդիպումներին և ինչ հարցեր են քննարկվել: Վահան Շիրխանյանը պնդել է իր ցուցմունքները: Այստեղ արդեն գնահատման խնդիր է»,- ասաց փաստաբանը:
Օրեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը: Մեր հարցին՝ արդյոք փաստաբանի կողմից ներկայացվե՞լ է գրավ կիրառելու միջնորդություն՝ հաշվի առնելով, որ գործով մի քանի մեղադրյալներ գրավի դիմաց ազատ են արձակվել, Ստեփան Ոսկանյանը պատասխանեց, որ այդ դատական նիստին պաշտպանական կողմը գրավի կիրառման վերավերյալ միջնորդություն չի ներկայացրել:
«Բայց օրենքը նախատեսում է, որ դատավորը կալանքի ժամկետի երկարացման հարցը լուծելիս ինքը կարող է նաև գրավի թույլատրելիության հարցը քննարկել: Այդ հիմքով նաև մեր կողմից վերաքննիչ բողոք պետք է բերվի, որովհետև նախորդ բոլոր դեպքերում մենք միջնորդել ենք, որպեսզի դատարանը գրավ կիրառի, սակայն դատարանն ամեն անգամ անթույլատրելի է ճանաչել գրավի կիրառումը, հիմքում դրել է նույն պատճառաբանությունները, որ կթաքնվի, կոխչնոդոտի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա ազդելու եղանակով:
Բայց արդեն իսկ ներկա փուլում մենք նաև դատարանում նշեցինք, որ արդեն բոլոր անձինք հարցաքննվել են, մեր պաշտպանյալը ցուցմունք է տվել, արդեն երկու մեղադրյալ անձանց հետ է առերես հարցաքննվել, և բնականաբար այս պայմաններում քննությանը խոչընդոտելու՝ նախկինում եղած ենթադրությունը կամ մտավախությունն առկա չեն, իրական չեն:
Մենք գտնում ենք, որ դատարանն ընդհանրապես խափանման միջոց չպետք է կիրառեր: Սակայն այս անգամ ևս քննիչի կողմից ներկայացված նույն պատճառաբանությունը դրեց որոշաման հիմքում և կալանքի ժամկետը երկարացրեց: Այնինչ, կարող էր նաև անդրադառնալ գրավի հարցին: Մենք գրավի հարցը կքննարկենք արդեն վերաքննիչ դատարանում դատական նիստի ժամանակ»,- ասաց Ստեփան Ոսկանյանը:
Նշենք, որ կալանքի ժամկետը երկարացնել հարցը քննել է դտավոր Գագիկ Պողոսյանը: